ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Իրանի տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների նախարարությունը բանակցություններ է վարում Telegram-ի հետ՝ երկրում արգելափակված մեսենջերների աշխատանքը վերսկսելու նպատակով։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը:
«Կապի նախարարությունը ներկայում բանակցություններ է սկսել Telegram-ի և որոշ այլ հարթակների հետ՝ համաձայնության հասնելու նպատակով։ Եթե խորհրդի կանոնակարգով նշված պայմանները կատարվեն, Իրանում այդ հարթակների աշխատանքը կվերականգնվի»,- ասվում է հրապարակման մեջ:
2025 թվականի սկզբին Իրանի կիբեռտարածության հարցերով բարձրագույն խորհրդի ընդունած բանաձևով սահմանվել են երկրում արգելափակված մեսենջերների աշխատանքի վերսկսման կոնկրետ պայմանները:
Ըստ այդ փաստաթղթի՝ որպեսզի երկրում աշխատեն օտարերկրյա մեսենջերները, պետք է հաշվի առնվեն այնպիսի պայմաններ, ինչպիսիք են ազգային անվտանգության, հայրենական ծագման սոցիալական հարթակների աշխատանքի, ինչպես նաև հասարակության հոգեբանական անվտանգության ապահովումը։
2018-ի ապրիլին դատարանի որոշմամբ Իրանում Telegram-ն արգելափակվել էր։ Դատական մարմինները դա հիմնավորել էին քաղաքացիների բողոքներով և մեսենջերի կողմից Իրանի օրենսդրության պահանջների խախտումներով: Չնայած նման որոշմանը և իշխանությունների՝ հաղորդակցման համար իրանական հավելվածներ գործարկելու փորձերին, Telegram-ը Իրանում ժողովրդականություն ունի ոչ միայն տեղի բնակչության շրջանում, որոնք արգելափակումը շրջանցելու համար օգտագործում են VPN, այլև պետական մարմիններում: