ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը 2026 թվականին հանրապետությունում կստեղծի հեմոդիալիզի սարքավորումների նոր ցանց։ Այս մասին ԱԺ հանձնաժողովների մակարդակով 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Դիալիզի սարքավորումներ կտեղադրվեն նաև այն վայրերում, որտեղ այդ առողջապահական գործողությունները պաշտոնապես շատ պահանջված չեն, բայց իրականում անհրաժեշտ են, որպեսզի հիվանդները ստիպված չլինեն հեռու գնալ։ Օրինակ, նախատեսվում է սարքավորում տեղադրել Մեղրիի քաղաքային հիվանդանոցում, թեև Մեղրու տարածաշրջանն ունի ընդամենը մոտ 10 հազար բնակչություն. այնուամենայնիվ, այնտեղ դիալիզի սարքավորումներ անհրաժեշտ են, որպեսզի բնակիչները ստիպված չլինեն շուրջ մեկ ժամ ժամանակ ծախսել՝ այդ նպատակով մարզկենտրոն Կապան մեկնելու համար:
Նախարարը հավելել է, որ դիալիզի համար նախատեսված բոլոր սարքերը կսպասարկվեն ժամանակին, համապատասխան մասնավոր կապալառուի հետ կվերակնքվի պայմանագիր:
Նշենք, որ 2026 թվականին հեմոդիալիզի ծառայությունների ֆինանսավորումը պաշտոնապես կկրճատվի (4,4 մլրդ դրամից կիջեցվի 1,4 մլրդ դրամի կամ 3,7 մլն դոլարի), բայց փաստացի դրա մի մասը կանցնի բժշկական ապահովագրության համակարգին։ Առաջիկա երեք տարիներին առողջապահական պետպատվերի մյուս ծախսային հոդվածները աստիճանաբար կտեղափոխվեն այս համակարգ։