Գյումրիում բողոքի ակցիայից հետո հարուցված քրգործով անցնող անձանց թիվը հասել է 43-ի

Նրանցից երկուսը անչափահաս են, մեկը կալանավայրում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Գյումրու քաղաքապետարանի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո հարուցված քրեական գործով անցնող անձանց թիվը հասել է 43-ի: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:

«Նրանցից 26-ը կալանավորված են, 15-ը տնային կալանքի տակ են, ևս մեկը՝ վարչական հսկողության տակ»,– նշեցին քննչական կոմիտեից։

Նշենք, որ քրեական գործերով են անցնում նաև երկու անչափահաս, նրանցից մեկը գտնվում է մեկուսարանում, մյուսի խափանման միջոցը տնային կալանքն է։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 20-ին ուժայինները ներխուժեցին Գյումրու քաղաքապետարան, որպեսզի բերման ենթարկեն համայնքապետ Վարդան Ղուկասյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, որ 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։ Ժամեր անց Ղուկասյանն ինքը դուրս եկավ համայնքապետարանի շենքից և մոտեցավ իրավապահների ավտոմեքենային։ Այդ ընթացքում քաշքշուկ սկսվեց համայնքապետարանի շենքը շրջապատած ոստիկանների ու համայնքապետի կողմնակիցների միջև։ Ուժայինները սկսեցին ձերբակալությունները։
Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ քրեական վարույթ է նախաձեռնվել Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականացումը խոչընդոտելու հատկանիշներով։
Հոկտեմբերի 21-ի առավոտյան Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվեց 2 ամսով։