ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Բրազիլիայի ֆավելաների բնակիչները, որտեղ անցկացվել է «Կարմիր թիմ» խմբավորման դեմ հատուկ գործողությունը, հրապարակ են դուրս բերել տասնյակ մահացածների մարմիններ, հայտնում է G1 լրատվական հարթակը։
«Հատուկ գործողությունից հետո ֆավելաների բնակիչները (հրապարակ - խմբ.) բերել են առնվազն 72 մարմին, մահացածների թիվը հասել է 130-ի», – գրում է ԶԼՄ–ն։
Ավելի վաղ G1-ը հայտնել էր հնարավոր 128 զոհի մասին։ Պաշտոնական տվյալներով՝ զոհերի թիվը 64 է, այդ թվում՝ չորս ոստիկան։
Հիշեցնենք, որ Ռիո դե Ժանեյրոյի ոստիկանությունը շաբաթվա սկզբից լայնածավալ գործողություն է անցկացնում «Կարմիր թիմ» խմբավորման դեմ։ Գործողություններին մասնակցել է մոտ 2500 անվտանգության աշխատակից, այդ թվում՝ ռազմական ոստիկանություն և հատուկ ստորաբաժանումներ։
Գործողության նպատակն է ձերբակալել խմբի ակտիվ անդամներին և վերականգնել այն տարածքների վերահսկողությունը, որտեղ գործում է հանցավոր ցանցը: Իշխանությունների տվյալներով՝ «Կարմիր թիմը» ակտիվ դիմադրություն է ցուցաբերել. զինյալները փոխհրաձգություն են իրականացրել ոստիկանության հետ, բարիկադներ կառուցել և պայթուցիկ սարքերով անօդաչուներ օգտագործել։
Ռիո դե Ժանեյրոյի հյուսիսում իրավիճակը շարունակում է լարված մնալ, ֆավելաների մաքրումը շարունակվում է։