ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Ռուսական զինուժի «Արևելք» խմբավորման 29-րդ բանակի 36 մոտոհրաձգային բրիգադի զինծառայողները վերահսկողության տակ են վերցրել Դնեպրոպետրովսկի մարզի Վիշնյովոյե գյուղը: Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ըստ հաղորդագրության` ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել 10 քառակուսի կմ տարածք, ոչնչացրել 6 զրահամեքենա և 19 ավտոմեքենա:
Զապորոժիեի և Դնեպրոպետրովսկի մարզերի սահմանին գտնվող Վիշնյովոյեում գտնվող ուկրաինական հենակետի գրավմամբ «Արևելք» խմբավորումը դեպի արևմուտք առաջխաղացման հնարավորություն է ստացել։
ՊՆ–ն նաև հայտնում է, որ ՌԴ ԶՈւ-ն հարվածներ է հասցրել զրահատեխնիկա տեղափոխող էշելոնի, էներգետիկ օբյեկտների և նավթաբազայի, ԱԹՍ–ների արտադրամասի։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։