ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի - Sputnik. Չի կարելի է լռել Հայաստանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ, այլապես այդ լռության գինը մեր երկրում քաղբանտարկյալների թվի ավելացումն է դառնալու։ Այս նպատակով այսօր Ազգային ժողովի մոտ բողոքի ակցիա է՝ ի պաշտպանություն Հայաստանի քաղբանտարկյալների և Բաքվում պատանդառված մեր հայրենակիցների։ Ակցիայի օրը պատահական չի ընտրվել․ ԱԺ-ում Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի պլենար նիստն է, ու ակցիայի մասնակիցները փորձում են իրենց ձայնը լսելի դարձնել եվրոպացի խորհրդարանականների համար։ Նախաձեռնությունը ՀՀԿ երիտասարդական և ուսանողական կառույցներին է, որին միացել են նաև այլ քաղաքական ուժերի և հասարակական միավորումների երիտասարդներ։
Հենրիխ Դանիելյանը
© Sputnik / Aram Nersesyan
«Ով չի ընդունում Նիկոլ Փաշինյանի քաղաքական գիծն ու համարում է նրա գործողությունները ոչ հայանպաստ, հայտնվում է բանտում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանը։
Նրա խոսքով՝ թեպետ նախօրեին էլ ականատես եղանք, որ կան եվրոպացի պաշտոնյաներ, որոնք բացահայտ կշտամբում են ՀՀ իշխանություններին իրենց գործողությունների համար, սակայն պետք է հասնել նրան, որ դա լինի ոչ թե մեկ կամ երկու պատգամավորի, այլ կառույցների քաղաքական գնահատականը։
«Հայաստանում խոշտանգում են քաղաքական գործիչներին, չկա խոսքի ազատություն, և դատարանները կատարում են քաղաքական որոշումներ»,- ասաց Դանիելյանը։
Ակցիայի մասնակիցները եկել են «Սրբազան պայքարի» կալանավորված մասնակիցների, Արագածոտնի և Շիրակի թեմի առաջնորդների լուսանկարներով։
Նշենք, որ Եվրանեսթի պատվիրակները դուրս եկան Ազգային ժողովի շենքից, որից հետո ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Աննա Մկրտչյանն անգլերեն ելույթով դիմեց եվրոպացի խորհրդարանականներին։
ԱԺ-ի մոտ բողոքի ակցիա է` ի պաշտպանություն ՀՀ–ում պահվող քաղբանտարկյալների և Բաքվում պահվող գերիների
© Sputnik / Aram Nersesyan
«Ես շատ կարճ հարց ունեմ՝ արդյոք երկակի ստանդարտներն ավելի՞ կարևոր են ձեզ համար, քան թե խոսքի ազատությունը, արդյոք նեղ քաղաքական շահերն ավելի՞ կարևոր են ձեզ համար, քան թե արժեքներն ու իրավունքները…»,- ասաց Մկրտչյանը։
Նշեց, որ որպես ակտիվ քաղաքական գործիչ վերջին 7 տարիներին տեսել է հարյուրավոր հետապնդումներ միայն մեկ պատճառով․ նրանք համարձակվել են քննադատել Նիկոլ Փաշինյանին և կառավարության գործողությունները։
«Եվ դուք ոչինչ չեք արել։ Դուք նախապատվությունը տվել եք Նիկոլ Փաշինյանի ռեժիմին՝ մարդու իրավունքների և արժեքների փոխարեն։ Մենք կիսում ենք եվրոպական արժեքներն ու եվրոպական ժողովրդավարությունը, բայց ոչ ձեր երկակի ստանդարտներն ու նեղ քաղաքական շահերը»,- ասաց Մկրտչյանը՝ դիմելով եվրոպացիներին։
Նա կոչ արեց եվրոպացի խորհրդարանականներին՝ վերջապես լսել իրենց ձայնն ու արձագանքել։
«Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը միացավ գործընկերոջ կոչին՝ ի վերջո հստակ գնահատականներ տալ և վերջ դնել այս իշխանությունների գործելաոճին։
«Դուք նրա համար եք, որ պաշտպանեք Հայաստանում ժողովրդավարությունը, ոչ թե նրա համար, որ Նիկոլ Փաշինյանին պաշտպանեք»,- ասաց Դանիելյանը։
Հիշեցնենք, որ Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի (Եվրանեսթ) 12-րդ լիագումար նստաշրջանն անցկացվում է Երևանում հոկտեմբերի 28-30–ը։