ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. ՀԱՊԿ-ը կարող է օգնել ամրապնդել Մեծ Եվրասիայի անվտանգությունը։ Այս հայտարարությունն արել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ և խաղաղապահության հարցերով հատուկ ներկայացուցիչ Թաալաթբեկ Մասադիկովը:
«Մենք տեսնում ենք Մեծ Եվրասիայի անվտանգության ամրապնդման համար ՀԱՊԿ-ի ներուժի օգտագործման հնարավորությունը»,– ասել է նա Եվրասիական անվտանգության հարցերով միջազգային համաժողովում, որն անցկացվում է Մինսկում։
Մասադիկովը խոսել է տարածաշրջանային տարբեր կազմակերպությունների միջև համագործակցության անհրաժեշտության մասին և ընդգծել տարածաշրջանային անվտանգության հարցերում եվրասիական կառույցների համակարգված ջանքերի կարևորությունը: Որպես ասվածի վկայություն պաշտոնյան նշել է ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի և ՇՀԿ-ի միջև համագործակցության ճանապարհային քարտեզը։
Նա նաև հայտնել է` այս տարի զեկույց կպատրաստվի, որը մանրամասն կվերլուծի ՀԱՊԿ, ԵԱՏՄ և ԱՊՀ երկրները ներառող՝ Կենտրոնական Եվրասիայի տարածաշրջանի ինտեգրացիոն գործընթացները: Ակնկալվում է, որ կմշակվեն առաջարկություններ հավաքական անվտանգության նոր մոտեցումների և համատեղ զարգացման ինստիտուտների ստեղծման վերաբերյալ: Փաստաթուղթը կվերաբերի ռազմաքաղաքական, տնտեսական և սոցիալ-մշակութային ասպեկտներին:
Մասադիկովը բարձր է գնահատել «21-րդ դարում բազմազանության և բազմաբևեռության Եվրասիական խարտիա» ստեղծելու բելառուսական նախաձեռնությունը, որը, նրա խոսքով, համապատասխանում է ներկայիս քաղաքական իրողություններին:
«Մենք հույս ունենք ավելացնել մասնակիցների թիվը», - հավելել է Մասադիկովը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալը նաև ընդգծել է եվրասիական անվտանգության նոր ճարտարապետության մշակման կարևորությունը, որը հիմնված է հավասարության և անբաժանելիության վրա՝ շեշտը դնելով հակամարտությունների կարգավորման համար տարածաշրջանի պետությունների պատասխանատվության վրա: Այս գաղափարի աջակցությունն արտահայտված է բարձր մակարդակով. դրան հավանություն են տալիս Ռուսաստանի նախագահը, այլ պետությունների ղեկավարներ, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի արտաքին գործերի նախարարները:
Բացի այդ, Մասադիկովը նշել է ռուսական «Մեծ Եվրասիական գործընկերություն» նախաձեռնության հեռանկարները, որոնք ուղղված են տնտեսական կապերի ընդլայնմանը, նոր տրանսպորտային ուղիների բացմանը և Եվրասիայում բիզնես համագործակցության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը: Այս հայեցակարգը օրգանապես լրացնում է տարածաշրջանային այնպիսի նախագծեր, ինչպիսին է, օրինակ, Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը, և կարող է նպաստել տարածաշրջանի ժողովուրդների ավելի սերտ կապերին՝ ապահովելով նրանց կայուն զարգացումն ու բարգավաճումը:
Եվրասիական անվտանգությանը նվիրված 3-րդ միջազգային համաժողովն անցկացվում է հոկտեմբերի 28-29-ը Մինսկում` Բելառուսի ԱԳՆ–ի հովանու ներքո։