ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի - Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) պաղեստինցի արմատականների տասնյակ թիրախների հարվածելուց հետո վերադարձել է Գազայի հատվածում հրադադարի ռեժիմի պահպանմանը։ Այս մասին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը:
«Քաղաքական ղեկավարության հրահանգի համաձայն և մի շարք հարվածներից հետո, որոնց ընթացքում տասնյակ ահաբեկչական թիրախներ ու ահաբեկիչներ են խոցվել, ՑԱԽԱԼ-ը վերսկսել է հրադադարի ռեժիմի պահպանումը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նախօրեին իսրայելական օդուժը մի շարք հարվածներ է հասցրել Գազա քաղաքին։ Ինչպես հաղորդում է Al Jazeera-ն, հրթիռներն ընկել են քաղաքի տարբեր շրջաններում, այդ թվում «Ալ Շիֆա» հիվանդանոցի մոտակայքում:
Զինվորականները նշել են հրամանատարական պաշտոններ զբաղեցրած 30 արմատականների ոչնչացման մասին։
«Ալ Ջազիրան» իր հերթին նշել է, որ Գազայի ավելի քան 90 խաղաղ բնակիչ է զոհվել իսրայելական հարվածներից։
Հիշեցնենք` Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև կնքված հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ մտավ հոկտեմբերի 10-ին: ՀԱՄԱՍ–ը գործարքի շրջանակում ազատ արձակեց 2023 թվականի հոկտեմբերի 7-ից Գազայում պահվող 20 պատանդներին: Բանտարկյալների գործերով պաղեստինյան գրասենյակը հաստատեց, որ Իսրայելի իշխանություններն էլ, հետևելով պայմանավորվածությանը, ազատ են արձակել 1718 բանտարկյալի, որոնք վերադարձել են Գազա, ինչպես նաև ցմահ ազատազրկման կամ երկարատև ժամկետով դատապարտված 250 պաղեստինցի բանտարկյալների: