ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի - Sputnik. Երևանցիները Վայոց Ձորում ապօրինի որսացել են 74 մոխրագույն կաքավ և 4 գորշ նապաստակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։
ՏՄ-ին ահազանգը ստացվել է ՆԳՆ ոստիկանության Եղեգնաձորի բաժնից՝ նշելով, որ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի թափքում հայտնաբերվել է թռչնի ու կենդանու մսեղիք։
«Տեսչական մարմնում հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակներում պարզվել է, որ Երևանի բնակիչներ Ս.Հ.-ն, Ա.Ա.-ն Վայոց Ձորի մարզի Գնիշիկ բնակավայրի վարչական տարածքում ապօրինի որսացել են 74 մոխրագույն կաքավ և 4 գորշ նապաստակ։ Ապօրինի որսված թռչունների, նապաստակների մսեղիքն առգրավվել և հանձնվել է ՀՀ ՊՆ N զորամաս»,- ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ որսագողության գործիք հանդիսացող «ԻԺ-27» և «YILTIZ» տեսակի որսորդական զենքերը ևս առգրավվել են, դրանց բռնագրավման պահանջով համապատասխան հայցեր կներկայացվեն դատարան։
Ներկայացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ՝ 402 000դրամի չափով։ Կկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներ։