ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի - Sputnik. Արտարժույթն առավել բարձր արժեքով փոխանակման մասին հայտարարությունները ծուղակ են։ Տեղեկությունը հայտում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը` նշելով, որ խոսքը հատկապես ռուբլու մասին է։
«Սոցիալական տարբեր կայքերում բազմաթիվ են տարատեսակ, այսպես ասած՝ գայթակղիչ հայտարարությունները։ Դրանցով քաղաքացիներին առաջարկում են կատարել արտարժույթի՝ մասնավորապես ռուբլու փոխանակում առավել բարձր արժեքով, քան տարադրամի փոխանակման կետերում է»,- ասված է հաղորդագրությունում։
Կա խարդախության սխեմա՝ հանցավորները վարձում են թանկարժեք ավտոմեքենա, որի վարորդին պատվիրում են գնալ երկկողմանի ելումուտ ունեցող որևէ առևտրի կենտրոնի տարածք։ Արտարժույթ փոխանակել ցանկացող անձին ևս խնդրում են մոտենալ նույն վայր։ Հեռախոսակապի միջոցով հանդիպեցնում են վարձույթով ավտոմեքենայի վարորդին և արտարժույթ փոխանակել ցանկացող անձին։ Վերջինին հանցավորը նախապես ասած է լինում, թե ինքն իբր շատ զբաղված է և գումարը կվերցնի իր մտերիմը՝ նկատի ունենալով վարորդին, որը առևտրի կենտրոնի տարածքում կփոխանակի գումարն ու կվերադառնա, ուստի անհրաժեշտ է գումարը տալ նրան ու սպասել ավտոմեքենայում։
Վարորդը վերցնում է փոխարկվող գումարը, մտնում է առևտրի կենտրոն և չի վերադառնում։
«Խարդախի ծուղակում հայտնված անձը, թանկարժեք ավտոմեքենայում սպասելով, չի էլ մտածում, որ դա վարձույթով վերցված է կամ էլ վարորդն ամենևին էլ հանցավորի մտերիմը չէ»,- զգուշացնում է ՆԳՆ-ն։
Նախարարությունից քաղաքացիներին նաև հորդորում են արտարժույթի փոխանակում կատարել միայն ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ ֆինանսների նախարարության կողմից լիցենզավորված արժութային գործակալների միջոցով՝ խարդախության զոհ չդառնալու համար։