ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. «Զավիկի ղարս»-ի ևս մեկ մասնաճյուղում մանրէաբանական շեղումներ են գրանցվել։ Դրա արտադրական առանձին գործառույթը կասեցվել է, հայտնում են ՍԱՏՄ–ից։
Նշվում է, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Զավեն Առաքելյանին պատկանող («Զավիկի ղարս») հանրային սննդի օբյեկտում (Երևան, փ․ Բագրատունյաց 15/5), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության:
«Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «մայոնեզ» արտադրատեսակը ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) և «ախտածին ա/թ սալմոնելաներ» ցուցանիշներով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին»,–ասված է հաղորդագրության մեջ։
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի առանձին արտադրատեսակի գործունեությունը դադարեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնել:
Հիշեցնենք` հոկտեմբերի 17–ին հայտնի դարձավ, որ «Զավիկի ղարսի» մի քանի մասնաճյուղի արտադրական գործունեությունը կասեցվել է։