ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Մոսկվան ակնկալում է, որ Վաշինգտոնը դրական պատասխան կտա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկին, որը վերաբերում է Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրին։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Հուսով եմ, որ մենք կկարողանանք դրական պատասխան ստանալ ԱՄՆ-ից, որ նրանք նույնպես համաձայն են միակողմանիորեն պահպանել ՌՀՍ-3 պայմանագրում ամրագրված քանակական ցուցանիշները»,-ասել է Լավրովը Մինսկի III միջազգային համաժողովի բարձր մակարդակի լիագումար նիստից հետո կայացած ասուլիսի ժամանակ:
Ռուսաստանի արտգործնախարարը նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մի քանի անգամ դրական է արտահայտվել այդ նախաձեռնության մասին, ուստի Մոսկվան ակնկալում է, որ այդ դրական արձագանքները կվերածվեն պաշտոնական հայտարարության: