2026թ–ի բյուջեն փաստեց` իշխանությունը չի կատարում անապահով խավին տված խոստումը. պատգամավոր

Թադևոս Ավետիսյանի խոսքով` աճ ապահոված նախարարի բկատմամաբ քրեական գործ կա, իսկ ոլորտը տապալածին` նոր պաշտոն են տվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik․ 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը փաստեց՝ այս իշխանությունը մեր հանրության շուրջ 40 տոկոս անապահով խավին տրված իր խոստումը չի կատարում։ Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին այս մասին ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ հավելելով, որ խոսքը վերաբերում է կենսաթոշակների ու նպաստների բարձրացմանն ու աղքատության շեմի նվազեցմանը։
«Եթե ամփոփենք, ապա ստացվում է, որ նախորդ տարի էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանն իր մասով աշխատանքը կատարել է, քանի որ 7 տոկոս տնտեսական աճ կա, բայց իրեն հեռացրել են գործից, ու քրեական գործ կա։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարարի (Նարեկ Մկրտչյան–խմբ.) ոլորտը ձախողված է, և ծրագրի որևէ դրույթ կատարված չէ, բայց այդ մարդուն ուղարկել են ԱՄՆ–ում դեսպան»,– նշեց Ավետիսյանը։
Հիշեցնենք, որ այս շաբաթ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում սկսվել են 2026 թ. պետական բյուջեի նախնական քննարկումները։
Պաշտպանության ոլորտին կուղղվի կապիտալ ծախսերի 43 %-ը․ նախարարը՝ 2026 թվականի բյուջեի մասին