Հոկտեմբերի 27. ո՞ւմ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը, որ այն մինչ օրս չի բացահայտվել

Անդրանիկ Քոչարյանի խոսքով` արձանագրված է, որ Հոկտեմբերի 27–ի բացահայտման համար բոլոր հիմքերը , բոլոր ճանապարհները կան, և դրանք շուտ թե ուշ իրենց արդյունքը տալու են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը դժգոհ է դատախազության աշխատանքից Հոկտեմբերի 27–ի բացահայտման մասով։ Այս մասին Քոչարյանը հայտարարեց ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
«Իմ դժգոհությունն այն կառույցից է, որը պետք է վերահսկեր Հոկտեմբերի 27–ի բացահայտման ամբողջ գործընթացը, որովհետև, ես շատ լավ գիտեմ, որ մեր ձեռքում կա պարոն Ջհանգիրյանի (ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյան,–խմբ.) կողմից իրականացված քննչական խմբի բավականին լուրջ նյութեր, որը հիմք էր հանդիսանալու Հոկտեմբերի 27–ի բացահայտման համար։ Ես գիտեմ, որ ներկայիս գործող խումբը շատ լավ ծանոթացել է այդ նյութերին և ինչքան հասկանում եմ, չի կարող գոնե փորձագիտական շփումներ ունենալ պարոն Ջհանգիրյանի և քննչական խմբի մյուս անդամների հետ»,–ասաց Քոչարյանը։
Նա ընդգծեց` արձանագրված է, որ Հոկտեմբերի 27–ի բացահայտման համար բոլոր հիմքերը , բոլոր ճանապարհները կան, և դրանք շուտ թե ուշ իրենց արդյունքը տալու են։
Քոչարյանի խոսքով` այս գործով դեռ վկաներ կան, որոնք ողջ են և պետք է հարցաքննվեն։
«Ո՞ւր է Ալիկ (Ալեքսան) Հարությունյանը, Ուզումյանը փախավ (Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Սամվել Ուզունյան-խմբ.))։ Ո՞վ օգնեց, որ փախավ։ Գլխավոր դատախազությունն է տերը էս քրեական գործի։ Ես ո՞ւմ մեղադրեմ։ Կարող եմ ինձ մեղադրել որպես Վազգեն ընկեր, որը մինչև վերջ չի կարողացել էս «մեքենան առաջ տանել»։ Ես գիտեմ, որ քննչական խումբը հսկայական ապացույցներ Է ձեռք բերել իմ նշած մարդկանց, բացի Ուզունյանից, նրանց կատարած գործողությունների մասին։ Ալիկ Հարությունյանի գաղտնալսումից առաջ ո՞վ էր մտել մեկուսարան և նրան հոգեմետ դեղեր տվել, որպեսզի էդ դետեկտորը չկարողանար էֆեկտիվ աշխատել», - ասաց Քոչարյանը։
Նա կարծում է, որ Հոկտեմբերի 27–ի գործով անհրաժեշտ է մանրակրկիտ քննություն։ Երբ լրագրողը հետաքրքրվեց, թե ով է խոչընդոտում հետաքննությանը, հաշվի առնելով, որ ՔՊ–ն իշխանության գլուխ է արդեն յոթ տարի, Քոչարյանը նշեց, որ շատ կարևոր վկաներ փախել են երկրից, ավելի ճիշտ՝ գաղտնի դուրս են բերվել։ Այս համատեքստում Քոչարյանը առանձնացրեց դատավոր Ուզունյանին, ով, նրա խոսքով, պարզապես կատարել է հրամանները և կարդացել դատավճիռը։ Այնուամենայնիվ, քաղաքական գործիչը համոզված է, որ Հոկտեմբերի 27-ի գործը շուտով լիովին կբացահայտվի, քանի որ միայն դա կարող է կանխել նման ոճրագործության կրկնությունը։
ՀՀ ղեկավարները ծաղիկներ են դրել ԱԺ-ի բակում տեղադրված՝ Հոկտեմբերի 27-ի զոհերի հուշարձանին
Հիշեցնենք՝ 1999թ.-ի հոկտեմբերի 27-ին հանցախումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ՀՀ ազգային ժողովի նիստերի դահլիճում սպանել էր ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, փոխխոսնակներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, պատգամավոր Արմենակ Արմենակյանին, Հենրիխ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը տևեց 1.5 տարի, դատավարությունը` 2.5։
2003թ–ին ավարտված դատավարության արդյունքում դատարանը որոշեց Նաիրի Հունանյանին, նրա եղբորը` Կարեն Հունանյանին, նրանց քեռուն` Վռամ Գալստյանին, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանին, Էդիկ Գրիգորյանին, Նորայր Եղիազարյանին ու Աշոտ Կնյազյանին դատապարտել ցմահ, Համլետ Ստեփանյանին` 14 տարվա ազատազրկման։
Հանցագործությանը հաջորդած 20 տարվա ընթացքում խմբի 8 անդամներից 4-ը մահացան տարբեր հանգամանքներում։