Գյումրիում անկարգությունների մասնակիցներից 41-ի հանդեպ քրեական հետապնդում է հարուցվել. ՔԿ

Հոկտեմբերի 21-ի առավոտյան Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվեց 2 ամսով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի - Sputnik. Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակիցներից 41-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասացին ՀՀ քննչական կոմիտեից։
«41–ից 24 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, 15 անձի նկատմամբ՝ տնային կալանքը, 1 անձի նկատմամբ՝ վարչական հսկողությունը»,– նշեցին ՔԿ–ից։
Կալանավորվածների շարքում անչափահասներ կան. մեկի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքը, մյուսի նկատմամբ՝ տնային կալանքը:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 20-ին ուժայինները ներխուժեցին Գյումրու քաղաքապետարան, որպեսզի բերման ենթարկեն համայնքապետ Վարդան Ղուկասյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, որ 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։ Ժամեր անց Ղուկասյանն ինքը դուրս եկավ համայնքապետարանի շենքից և մոտեցավ իրավապահների ավտոմեքենային։ Այդ ընթացքում քաշքշուկ սկսվեց համայնքապետարանի շենքը շրջապատած ոստիկանների ու համայնքապետի կողմնակիցների միջև։ Ուժայինները սկսեցին ձերբակալությունները։
Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ քրեական վարույթ է նախաձեռնվել Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականացումը խոչընդոտելու հատկանիշներով։
Հոկտեմբերի 21-ի առավոտյան Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվեց 2 ամսով։