ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամի ղեկավար, ՌԴ նախագահի արտասահմանյան երկրների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը հանդիպել է ամերիկացի պաշտոնյաների հետ։ Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստիի աղբյուրը։
«Կիրիլ Դմիտրիևի հանդիպումները նախագահ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչների հետ կայացել են հոկտեմբերի 24-ին և 25-ին և կշարունակվեն հոկտեմբերի 26-ին», – ասել է գործակալության զրուցակիցը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 23–ին Սպիտակ տան ղեկավարը հայտարարել էր, որ չեղարկում է Վլադիմիր Պուտինի հետ Բուդապեշտում նախատեսված հանդիպումը, որի մասին նրանք պայմանավորվել էին նախորդ շաբաթվա հեռախոսազրույցի ընթացքում։
Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամի ղեկավարն իր հերթին ամերիկյան հեռուստաալիքներին տված հարցազրույցում վստահություն էր հայտնել, որ բանակցությունները տեղի կունենան, սակայն ավելի ուշ։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հստակեցրել էր, որ դժվար է չեղարկել այն, ինչի վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություն չի եղել, քանի որ ժամկետներ ոչ ոք չի նշել։
Հիշեցնենք, որ Պուտինի և Թրամփի գագաթնաժողովը տեղի է ունեցել օգոստոսին Ալյասկայում՝ Անքորիջի մոտակայքում գտնվող ռազմաբազայում: Բանակցությունները տևել են շուրջ երեք ժամ և ընթացել են մի քանի ձևաչափով. սկզբում առանձնազրույց է եղել ԱՄՆ նախագահի լիմուզինում՝ հանդիպման վայր հասնելու ճանապարհին, այնուհետև նեղ կազմով՝ օգնականների և արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ: