Պուտինի և Թրամփի հանդիպումը նախապատրաստելու հարցում դժվարություններ կան. Պեսկով

Հանդիպման նախապատրաստումը բարդանում է ոչ միայն օրակարգի ծավալով, այլև նրանով, որ ոչ բոլորն են շահագրգռված դրա անցկացմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի — Sputnik. Ռուսաստանի և ԱՄՆ–ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման նախապատրաստական աշխատանքները շարունակվում են, սակայն գործընթացը բարդ է և պահանջում է լուրջ դիվանագիտական աշխատանք: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրող Պավել Զարուբինին («Россия 1») տված հարցազրույցում։
«Նախագահները չեն կարող հանդիպել հանուն հանդիպման։ Նրանք չեն կարող պարզապես կորցնել իրենց ժամանակը, և նրանք բացահայտ խոսում են այդ մասին: Այդ պատճառով նրանք Լավրովին (ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրով–խմբ. ) և Ռուբիոյին (ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո–խմբ.) հանձնարարել են նախապատրաստել այդ գործընթացը։ Գործընթացը բարդ է», - նշել է Պեսկովը։
Նա ընդգծել է, որ ռուս-ամերիկյան գագաթնաժողովի չեղարկման մասին խոսելը ճիշտ չէ, քանի որ դրա անցկացման ամսաթվի վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություններ դեռ չեն եղել:
«Ամեն դեպքում հիշենք, որ գագաթնաժողովի որևէ ամսաթվի վերաբերյալ հստակ համաձայնություն չի եղել», - հավելել է Կրեմլի խոսնակը։
Լավրովն ու Ռուբիոն զրուցել են հեռախոսով
Պեսկովի խոսքով՝ հանդիպման նախապատրաստական ​​աշխատանքները բարդանում են ոչ միայն օրակարգի ծավալով, այլև այն փաստով, որ ոչ բոլորն են հետաքրքրված դրա անցկացմամբ։
«Իհարկե ոչ բոլորն են ցանկանում, որ այս գագաթնաժողովը տեղի ունենա», - ընդգծել է նա։
Ավելի վաղ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Կարոլին Լևիտը հայտարարել էր, որ Վաշինգտոնը չի հրաժարվում Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպման անցկացման ծրագրերից, սակայն դա կկայանա միայն այն դեպքում, եթե կարողանա «շոշափելի արդյունք» բերել:
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահը ցանկանում է համոզվել, որ Ռուսաստանի առաջնորդի հետ բանակցությունները կդառնան «նրա ժամանակի խելամիտ օգտագործում»: Լևիտը նաև հաստատել է, որ Թրամփի վարչակազմը հույս ունի՝ Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորումն առաջ կընթանա, սակայն, նրա խոսքով, «Մոսկվայի կողմից բավարար շահագրգռվածություն չի տեսնում»:
«Տնային աշխատանք շատ կա». Պեսկովը՝ Պուտինի և Թրամփի հանդիպման նախապատրաստման մասին
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 16-ին տեղի է ունեցել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցը, որն ամենաերկարատևներից մեկն էր 2025 թվականի սկզբից ի վեր։ Կողմերը քննարկել են, մասնավորապես, Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Բանակցությունների արդյունքներով Թրամփը հայտարարել է, որ մտադիր է Բուդապեշտում Պուտինի հետ անձնական հանդիպում ունենալ։