ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Հնդկաստանն ու Չինաստանը այսօրվանից վերականգնում են երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցությունը ավելի քան 5 տարվա դադարից հետո։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
IndiGo ավիաընկերության (Ասիայի երկրորդ ամենամեծ ավիաընկերությունն է և աշխարհում ամենամեծերից մեկը) առաջին չվերթը այսօր երեկոյան կմեկնի Կալկաթայից Գուանչժոու: Իր հերթին China Eastern Airlines ավիաընկերությունը նոյեմբերի 9-ից կվերսկսի թռիչքները Շանհայ-Դելի երթուղով: Ընկերությունը A330-200 ինքնաթիռով կիրականացնի շաբաթական երեք չվերթ՝ չորեքշաբթի, շաբաթ և կիրակի օրերին։
Կալկաթայում Չինաստանի գլխավոր հյուպատոսի տեղակալ Ցին Յունը հայտարարել է, որ սկզբնական նպատակն է Պեկինը, Շանհայը, Գուանչժոուն և Շենժենը միացնել Դելիի և Կալկաթայի հետ:
Հնդկաստանի քաղաքացիական ավիացիայի նախարարությունը հայտարարել է, որ ուղիղ հաղորդակցությունը տարածաշրջանին հեռահար տնտեսական օգուտներ կբերի:
«Օդային հաղորդակցության վերածնունդը մեծապես կբարելավի առևտրային փոխգործակցությունը Հնդկաստանի արևելքի և հարավային Չինաստանի միջև հատկապես այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տեքստիլ արդյունաբերությունը, էլեկտրոնիկան և փոքր խմբաքանակի արտադրությունը: Դա կնպաստի նաև երկու երկրների միջև զբոսաշրջության զարգացմանը», - ասել է պաշտոնյան։
Հնդկաստանի և Չինաստանի միջև ուղիղ չվերթերը դադարեցվել էին համաճարակի ժամանակ, ինչը ճանապարհորդներին ստիպել էր ընտրել չվերթեր Սինգապուրով, ինչպես նաև ՉԺՀ-ի Հոնկոնգի հատուկ վարչական շրջանով: Թռիչքների հետ կապված իրավիճակի վրա ազդել էր նաև Հնդկաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների լարվածությունը 2020-ի մայիսին Լադակխի շրջանում տեղի ունեցած մի շարք միջադեպերից հետո, երբ Գալվան գետի շրջանում բախումներ էին տեղի ունեցել երկու երկրների զինվորականների միջև:
Հոկտեմբերի սկզբին Հնդկաստանի քաղաքացիական ավիացիայի նախարարությունը հայտարարել է մինչև ամսվա վերջ ուղիղ ավիահաղորդակցության վերսկսման մասին՝ երկու երկրների քաղաքացիական ավիացիայի մարմինների միջև մշտական տեխնիկական խորհրդակցություններից հետո, ինչը երկկողմ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի հստակ նշան է: