Ճապոնիան մտադիր է խաղաղության պայմանագիր կնքել Ռուսաստանի հետ. վարչապետ

Մոսկվայի և Տոկիոյի միջև խաղաղության պայմանագիրը մինչ օրս չի ստորագրվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Ճապոնիայի նոր վարչապետ Սանաե Տակաիտին խորհրդարանում ծրագրային իր ելույթում հայտարարել է, որ Տոկիոն մտադիր է խաղաղության պայմանագիր կնքել ՌԴ–ի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Հիմա Ռուսաստանի հետ հարաբերությունները բարդ են, բայց Ճապոնիայի կառավարության ռազմավարությունն է լուծել տարածքային հարցը և խաղաղության պայմանագիր կնքել», – ասել է վարչապետը։

Տակաիտին Ճապոնիայի վարչապետի պաշտոնը ստանձնած առաջին կինն է։ Նա աջակողմյան հայացքներ ունի։ Աշխատել է հանգուցյալ վարչապետ Սինձո Աբեի կառավարությունում՝ սկսած նրա առաջին ժամկետից՝ 2006 թվականից։ Աբեն նրան «պահպանողականների աստղ» էր անվանում։
Հիշեցնենք` 1956 թվականին ԽՍՀՄ-ն և Ճապոնիան համատեղ հռչակագիր ստորագրեցին, որով Մոսկվան համաձայնեց քննարկել խաղաղության պայմանագրի կնքումից հետո Հաբոմայ և Շիկոտան կղզիները Ճապոնիային փոխանցելու հնարավորությունը, իսկ Կունաշիրի և Իտուրուպի ճակատագիրը չէր քննարկվում: ԽՍՀՄ-ը հույս ուներ, որ համատեղ հռչակագիրը վերջ կդնի վեճին, մինչդեռ Ճապոնիան փաստաթուղթը համարում էր լուծման միայն մի մասը՝ չհրաժարվելով բոլոր կղզիների նկատմամբ իր պահանջներից:
Հետագա բանակցությունները արդյունք չտվեցին, և Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո խաղաղության պայմանագիր այդպես էլ չկնքվեց: Մոսկվայի դիրքորոշումն այն է, որ կղզիները Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո դարձան ԽՍՀՄ–ի մաս, և Ռուսաստանի ինքնիշխանությունը դրանց նկատմամբ կասկածի ենթակա չէ:
Նշենք, որ Ռուսաստանի հետ հաշտության պայմանագիր կնքելու մասին խոսել էր նաև նախկին վարչապետ Ֆումիո Կիսիդան 2022 թվականին։