ՌԴ-ում վարորդների գտնվելու տևողության հարցում փոփոխություն կլինի. նախագիծ է շրջանառվում

Ռուսական կողմը տեղեկացրել է, որ հասկանում է խնդրի հրատապությունը և աշխատում է հարցի լուծման ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի - Sputnik. Եվրասիական տնտեսական խորհրդի նիստում քննարկվել է Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի վարորդների՝ Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու տևողության սահմանափակման հարցը։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ կառավարությունից։
Նիստին տեսակապի միջոցով մասնակցել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Քննարկման ընթացքում ռուսական կողմը տեղեկացրել է, որ հասկանում է խնդրի հրատապությունը և աշխատում է հարցի լուծման ուղղությամբ. ներկայումս շրջանառվում է գործող օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին իրավական ակտի նախագիծ։
Հիշեցնենք` 2025թ–ի հունվարի 1-ից ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները, որոնք ՌԴ են մուտք գործում ոչ աշխատելու նպատակով (այսինքն՝ միգրացիոն քարտում «այցի նպատակը» բաժնում աշխատանքը նշված չէ- խմբ․), օրացույցային տարվա ընթացքում կարող են մնալ 90 օր (նախկինում թույլատրելի էր տարվա յուրաքանչյուր 180 օրվա մեջ 90 օր- խմբ․)։ Այս փոփոխությունը վերաբերում է նաև ուղևորափոխադրում և բեռնափոխադրում իրականացնողներին։
Նշենք, որ հայաստանցի վարորդները պարբերաբար բողոքի ակցիաներ են կազմակերպում այս սահմանափակումների դեմ` նշելով, որ 90 օրը քիչ է, քանի որ շատ ժամանակ ուղղակի ստիպված են լինում օրերով կանգնել Լարսում առաջացող հերթերի մեջ։ Հոկտեմբերի 20-ի երեկոյան էլ նրանք որպես բողոքի նշան փակել էին հայ-վրացական սահման տանող ճանապարհները Բավրայում, Բագրատաշենում և Գոգավանում։