«Նոան» ոչ-ոքի խաղաց ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովայի» հետ

Կոնֆերենցիաների լիգայի ընդհանուր փուլի երկրորդ տուրից առաջ ռումինական «Ունիվերսիտատեաի» և հայկական «Նոայի» գլխավոր մարզիչները միաբերան նշում էին, որ իրենց հեշտ խաղ չի սպասվում։ Հավասար մրցակցության պայմաններում «Նոան» ձգտելու էր երկրորդ հաղթանակը տանել մրցաշարում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբեր, Sputnik - Խաչիկ Չախոյան. Կոնֆերենցիաների լիգայի ընդհանուր փուլի երկրորդ տուրում «Նոան» մրցակցի հարկի տակ 1։1 ավարտեց հանդիպումը ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովայի» հետ։
«Նոան» շատ վստահ սկսեց հանդիպումը, և գնդակին ավելի շատ էր տիրում։ Բայց աստիճանաբար խաղը հավասարվեց, ու հանդիպման ներքին լարվածությունը աճեց։ «Նոան» վտանգավոր պահեր ստեղծեց ու նորից տիրեց նախաձեռնությանը, ու ակնհայտ էր, որ «Ունիվերսիտատեան» մեծ ուժերով պաշտպանվում էր, բայց նաև կտրուկ հակագրոհում էր։
Հանդիպման 38-րդ րոպեին մերոնք թերացան պաշպանությունում, և առաջին դիպուկ հարվածը կատարելով մեր դարպասին՝ դաշտի տերերը առաջ անցան հաշվի մեջ։ Ու ստացվեց, որ «Նոան» ավելի լավ էր խաղում, բայց պարտվում էր։
Ընդմիջումից հետո նորից նախաձեռնությունը հայկական թիմի կողմն էր, բայց «Ունիվերսիտատեան» անառիկ էր պահում սեփական դարպասը։ Նման իրավիճակում Սանդրո Պերկովիչը դիմեց փոփոխությունների, ու դա աշխատեց։ Դավիդ Սուալեհեյի փոխանցումից հետո Նարդին Մուլահուսեինովիչը գլխի հարվածով խփեց պատասխան գնդակը։ Հանդիպման վերջնամասում ռումինական թիմը ակտիվացավ, ու «Նոայի» տուգանային հրապարակում որոշակի լարվածություն կար։ Բայց չնայած ներդրած ջանքերին՝ կողմերին հաշվի մեջ փոփոխություն մտցնել չհաջողվեց։
«Նոան» երկու հանդիպումներից հետո վաստակեց 4 միավոր, իսկ հաջորդ հանդիպումը ընդհանուր փուլում «Նոան» անցկացնելու է նոյեմբերի 6-ին։ Այդ օրը մեր չեմպիոնն ընդունելու է չեխական «Սիգմա» թիմին։