ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Կրասնոգորսկում (Մոսկվայի մարզ) անօդաչուի հարձակման հետևանքով հինգ մարդ է տուժել, այդ թվում՝ մեկ երեխա։ Այս մասին Telegram–ում հայտնել է ՌԴ Մոսկվայի մարզի մարզպետ Անդրեյ Վորոբյովը։
«Մոտ երկու ժամ առաջ անօդաչուի հարձակման հետևանքով Կրասնոգորսկի Տիեզերագնացների բուլվարում բնակելի շենք է վնասվել։ Անօդաչուն մտել է 14-րդ հարկի բնակարան։ Հինգ մարդ է վնասվածքներ ստացել, այդ թվում՝ մեկ երեխա։ Չորսն արագ տեղափոխվել են հիվանդանոցներ, որտեղ նրանք անհրաժեշտ բուժօգնություն են ստանում», - գրել է Վորոբյովը։
Մարզպետի տվյալներով՝ երեք մեծահասակի տեղափոխել են Կրասնոգորսկի թիվ 1 քաղաքային հիվանդանոց, երեխային՝ Ռոշալ կենտրոն։ Մեծահասակները գանգուղեղային վնասվածքներ, կոտրվածքներ և բեկորային վնասվածքներ են ստացել, երեխայի մոտ նկատվել է ծնկի հոդախախտ և սրունքի թեթև վնասվածքներ։
Տեղում են քաղաքային շրջանի ղեկավարը, ինչպես նաև բոլոր արտակարգ ծառայությունների աշխատակիցները, այդ թվում՝ ԱԻՆ–ը և իրավապահ մարմինները։
Մարզպետը վստահեցրել է, որ տուժածներին և նրանց ընտանիքներին կցուցաբերվի անհրաժեշտ ողջ աջակցությունը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։