Ուկրաինան ԱԹՍ–ներով հարվածներ է հասցրել Բելգորոդին. 12 խաղաղ բնակիչ է վիրավորվել

Հարվածներից մեկն ուղղված է եղել կանգառին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Ուկրաինայի զինուժն անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարձակում է իրականացրել Բելգորոդի և Բելգորոդի մարզի ուղղությամբ, 12 խաղաղ բնակիչներ վնասվածքներ են ստացել։ Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը:
Ուկրաինական հարվածների հետևանքները
Կանգառին հարվածելու հետևանքով տուժել է վեց մարդ, այդ թվում՝ մեկ անչափահաս: Գլխի և ոտքերի բեկորային վերքերով հինգ կանայք հետազոտվում են Բելգորոդի թիվ 2 քաղաքային հիվանդանոցում: Մարզպետի տեղեկություններով՝ 17-ամյա դեռահասը բարոտրավմայով և ոտքի բեկորային վնասվածքով տեղափոխվում է մանկական մարզային կլինիկական հիվանդանոց։
Ուկրաինական հարվածների հետևանքները
«Բելգորոդի շրջանի Ստրելեցկոյե գյուղում երկու անգամ հարձակման է ենթարկվել առևտրային օբյեկտներից մեկը։ Տուժել է վեց մարդ՝ չորս տղամարդ և երկու կին։ Տղամարդիկ ձեռքերի և ոտքերի տարբեր բեկորային վնասվածքներ են ստացել, մեկ կին` ձեռքի բեկորային վնասվածք, երկրորդը` որովայնի և ոտքերի բեկորային վնասվածք: Շտապօգնության բրիգադը բոլորին տեղափոխել է Բելգորոդի թիվ 2 քաղաքային հիվանդանոց»,-գրել է Գլադկովը Telegram-ալիքում։
Նա հավելել է, որ Ստրելեցկոյե գյուղում վնասվել են 2 առևտրային օբյեկտներ, յոթ մարդատար ավտոմեքենա, հրդեհվել է չշահագործվող առանձնատուն, Օկտյաբրսկի ավանում դրոնը հարվածել է առևտրային օբյեկտին, Բելգորոդում` մարդատար ավտոմեքենա, առևտրային օբյեկտ, բազմաբնակարան շենքի տանիք, սոցիալական օբյեկտի և վարչական շենքի պատուհաններ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։