Թրամփը հայտարարել է՝ Իսրայելը կկորցնի ԱՄՆ-ի ողջ աջակցությունը, եթե բռնազավթի Արևմտյան ափը

Դոնալդ Թրամփի խոսքով՝ ինքը «խոսք է տվել արաբական երկրներին»:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը կկորցնի ԱՄՆ-ի ողջ աջակցությունը, եթե որոշի բռնազավթել Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող տարածքները: Այս մասին նա հայտարարել է «Time» ամսագրին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչ հետևանքներ կլինեն, եթե Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարությունը նրան մղի Արևմտյան ափը բռնակցելուն։
«Դա չի լինի, քանի որ ես խոսք եմ տվել արաբական երկրներին։ Իսրայելը կկորցնի ԱՄՆ-ի ողջ աջակցությունը, եթե դա տեղի ունենա», - հայտարարել է Թրամփը։
Նշենք, որ սեպտեմբերին Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ թույլ չի տա Իսրայելին բռնազավթել Հորդանան գետի արևմտյան ափը: Ավելի ուշ «Axios» պորտալը, վկայակոչելով գաղտնի մնալ ցանկացած իրազեկ աղբյուրին, պնդել էր, թե Սպիտակ տունը Նեթանյահուին հասկացրել է, որ Մերձավոր Արևելքում պատերազմի շարունակությունը միայն կուժեղացնի Իսրայելի մեկուսացումը: