ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները էապես չեն ազդի երկրի տնտեսական վիճակի վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ինչ վերաբերում է նոր պատժամիջոցներին՝ նախ, այդտեղ ոչ մի նոր բան չկա։ Այո, դրանք մեզ համար լուրջ են, իհարկե, դա հասկանալի է։ Եվ կունենան որոշակի հետևանքներ, սակայն էապես չեն ազդի, հատկապես մեր տնտեսական ինքնազգացողության վրա», - ասել է Պուտինը լրագրողներին։
Ռուսաստանի նախագահը հիշեցրել է, որ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփն իր առաջին նախագահական ժամկետում ՌԴ-ի դեմ սահմանել էր ամենաշատ պատժամիջոցները:
«Նախագահական իր առաջին պաշտոնավարման ընթացքում Թրամփը մտցրեց Ռուսաստանի Դաշնության դեմ մինչ այդ կիրառվող պատժամիջոցներից ամենաշատը», - ասել է Ռուսաստանի նախագահը:
Միևնույն ժամանակ, Պուտինը ամերիկյան պատժամիջոցները անվանել է ոչ բարեկամական գործողություն, որը չի ամրապնդում ռուս-ամերիկյան հարաբերությունները: ՌԴ նախագահը վստահ է, որ դա Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու փորձ է, բայց իրեն հարգող որևէ երկիր ճնշման տակ ոչնչի չի անում։
«Եթե խոսենք քաղաքական բաղադրիչի մասին, ապա, իհարկե, ակնհայտ է, որ դա անբարյացակամ գործողություն է Ռուսաստանի նկատմամբ և չի ամրապնդում ռուս-ամերիկյան հարաբերությունները, որոնք նոր-նոր են սկսել վերականգնվել», - ասել է ՌԴ նախագահը։
Պուտինն առաջարկել է մտածել, թե ում համար են աշխատում ԱՄՆ վարչակազմի այն ներկայացուցիչները, որոնք Թրամփին հուշում են Ռուսաստանի նավթի սահմանափակման վերաբերյալ որոշումներ:
Հոկտեմբերի 22-ին ԱՄՆ-ը հայտարարեց հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթի մասին, որի շրջանակներում սահմանափակող միջոցներ են նախատեսված «Ռոսնեֆտի», «Լուկօյլի» և նրանց դուստր ընկերությունների դեմ: Բացի այդ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ չեղարկել է Պուտինի հետ հանդիպումը Բուդապեշտում, սակայն պատրաստվում է նրա հետ հանդիպել ապագայում: