ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել Լիլիթ Մկրտչյանը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին բուհից` նշելով, որ մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է նրա թեկնածությունը։ Որոշումն ուժի մեջ է մտնելու հոկտեմբերի 29-ից:
Լիլիթ Մկրտչյանը «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի կրթական նորությունների և հետազոտության վարչության պետն էր։
Հոկտեմբերի 17–ին հայտնի դարձավ, որ ձերբակալվել են համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը և համալսարանի մի շարք այլ աշխատակիցներ։ Դատարանը մերժել է ռեկտորին կալանավորելու միջնորդությունը, և կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց։ Ռեկտորի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը և 20 մլն դրամ գրավը: Պրոռեկտորն էլ խոստովանական ցուցմունք է տվել ու հաշվի առնելով դա՝ նրա նկատմամբ նույնպես այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։
Երեկ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել էր, որ Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանի լիազորությունները կասեցված են։