ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Երևանում Լենինգրադյան, Սիլիկյան 5-րդ, 6-րդ և փողոցները կանվանափոխվեն։ Նման որոշում կայացվեց Երևան քաղաքի ավագանու նիստում։
Սիլիկյան 5-րդ և 6-րդ փողոցների անվանափոխման մասին հարցերը նիստի օրակարգի չզեկուցվողներից էին, բայց ավագանու անդամները կողմ քվեարկեցին։ Սիլիկյան 5-րդ փողոցը (սկսում է Սիլիկյան 8-րդ փողոցից հասնում մինչև Սիլիկյան 13-րդ փողոց) կանվանափոխվի ժողովրդական արտիստ, նշանավոր հայ կոմպոզիտոր Ալեքսանդր Աճեմյանի անունով։ Սիլիկյան 6-րդ փողոցը (սկսում է Սիլիկյան 8-րդ փողոցից հասնում Սիլիկյան 11-րդ փողոց) կանվանակոչվի հայ կոմպոզիտոր Արամ Սաթունցի անունով։ Երկու նախագիծն էլ ներկայացրել է ՔՊ խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանը։
«Հանրապետություն» խմբակցության անդամներն էլ ներկայացրել են Լենինգրադյան փողոցը բարերար Քըրք Քրքորյանի անունով անվանակոչելու նախագիծը։
Խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը ներկայացրեց Քըրքորյանի կենսագրությունը, այնուհետև շեշտեց՝ Աջափնյակ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում գտնվող Լենինգրադյան փողոցը մինչ օրս կրում է խորհրդային անցյալը խորհրդանշող անվանում, այն դեպքում, երբ նույնիսկ ՌԴ-ում այդ քաղաքն արդեն վերանվանվել է Սանկտ Պետերբուրգ։
«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանն էլ նշեց, որ բազմաթիվ մեծ և հայտնի փողոցների անուններ տվյալ հատվածի բնակիչների և առհասարակ երևանցիների համար շատ հարազատ են դառնում ու «ոտքի վրա» փողոցներ անվանակոչելը փոքր-ինչ սխալ է։ Օրինակներ բերեց՝ Վազգեն 1-ի փողոցը միևնույնն է կոչում են Կասյան, Մաշտոցի պողոտան՝ Պրոսպեկտ և այլն։
Ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սուսաննա Մելիքյանը դեմ արտահայտվեց այս որոշմանը ու փորձեց ճշտել՝ արդյոք պարզել են, թե քանի բնակիչ է ապրում այդ փողոցում ու քանի քաղաքացի պետք է փաստաթղթերում փոփոխություններ անի։
«Մենք տեղյակ ենք Լինսի հիմնադրամով նրա կատարած բարեգործություններին, բայց կարծում եմ, որ ավելի լավ կլիներ Քըրքորյանի անունով վերանվանել այն փողոցը կամ կամուրջը, որտեղ նա ներդրում է ունեցել, ոչ թե Լենինգրադյան փողոցը փոխել։ Գուցե նա այդ փողոցի մասին չի էլ իմացել, չի էլ քայլել այնտեղով, ինչու այդ մարդուն անկապ վերագրել այդ փողոցը։ ՌԴ-ում Լենինգրադը Սանկտ Պետերբուրգ անվանելը հիմք չէ, որ Երևանում էլ այդ փողոցն անվանակոչվի։ Այդ տրամաբանությամբ, մի օր էլ կասեք Արցախը չկա, Արցախի պողոտան էլ ում է պետք»,- ընդգծեց Մելիքյանը։
Խաչատրյանն ի պատասխան շեշտեց՝ Լենինգրադյան փողոցը Երևանի գլխավոր փողոցներից մեկն է, որտեղ տեղակայված է Կարեն Դեմիրճյանի արձանը, մարզահամերգային համալիրը, հարակից է նաև Ծիծեռնակաբերդը։ Անդրադառնալով փաստաթղթային փոփոխություններին՝ Խաչատրյանն ասաց, որ դրա կարիքը չի լինում այնքան ժամանակ, մինչև տվյալ փողոցի հասարակական տարածքը կամ բնակարանը չի վաճառվում։
Ընդդիմադիրները վստահ են՝ նախագիծը բերվել է օրակարգ, քանի որ ցանկանում են ամեն գնով Լենինգրադյանը վերացնել, ոչ թե Քըրքորյանի անվան փողոց ունենալ մայրաքաղաքում։