Խախտումներ են եղել. կիսաֆաբրիկատների և լավաշի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

«Բրենդլիդերի» արտադրամասը
«Բրենդլիդեր» ընկերությունը պետք է սահմանված ժամկետում վերացնի հայտնաբերված սանիտարահիգիենիկ խախտումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. «Բրենդլիդեր» Հ/Ձ ՍՊԸ-ին պատկանող կիսֆաբրիկատների, հրուշակեղենի և լավաշի արտադրամասում մի շարք խախտումներ են հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
«Տեսչական մարմնի աշխատակիցները սանիտարահիգիենկ բնույթի խախտումներ են հայտնաբերել։ Արտադրական շինության հատակներն ունեցել են վնասված հատվածներ, ինչը թույլ չի տվել իրականացնել պատշաճ լվացման ու ախտահանման աշխատանքներ, առաստաղները չեն բացառել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, մասնիկների թափվելու հնարավորությունը, խոնավության խտացումը»,- ասված է հաղորդագրությունում։
«Բրենդլիդերի» արտադրամասը
Նշվում է նաև, որ արտադրամասում պատերի մակերևույթներն էլ պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, առկա են եղել բորբոսի հետքեր, իսկ սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում, ունեցել են կոռոզիայի հետքեր։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար: