ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ–ում այսօրվա դրությամբ արտահանման 13.8 տոկոս աճ է արձանագրվել։ Այդ մասին ՀՀ կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա տեղեկություններ հայտնեց նաև կոնկրետ մթերքների մասին։ Մասնավորապես, ծիրանի դեպքում, ըստ ՀՀ վարչապետի, աճը կազմել է 25,5 տոկոս աճ, սալորի դեպքում` 61.1 տոկոս, դեղձի դեպքում` 87.1 տոկոս, կեռասի դեպքում` 123 տոկոս, տանձի դեպքում` 245 տոկոս, լոլիկի դեպքում` 12 տոկոս, պղպեղի դեպքում` 62 տոկոս, կաղամբի դեպքում` 843 տոկոս, սմբուկի դեպքում` 72 տոկոս։ Հատով ծաղիկի դեպքում աճը կազմել է 6.4 տոկոս, իսկ տոննայովի դեպքում` 116 տոկոս։
Փաշինյանին հատկապես ուրախացել է տանձի արտահանման թիվը, քանի որ ՀՀ–ն, սովորաբար, այս միրգը ներկրում էր։
«Ես 90 և ավելի տոկոսով վստահ եմ, որ սա ինտենսիվ այգիներում աճեցված տանձն է, որը ստանդարտին համապատասխանում է բոլոր առումներով և որ ուղղությամբ ուզեն, կարող են արտահանել»,– հայտարարեց նա։
Անդրադառնալով խաղողի մթերումներին` Փաշինյանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանից հետաքրքրվեց` որքա՞ն խաղող է այս պահին մթերվել։
Նախարարը նշեց, որ խաղողի տեխնիկական բոլոր սորտերն ամբողջովին մթերված են։ Նրա խոսքով` մթերվել է շուրջ 211 հազար տոննա խաղող։ Նախարարը հիշեցրեց, որ ամբողջ 2024 թվականին մթերվել է 164 200 տոննա։
«Մնացել է մի փոքր արենի սորտի խաղող, որի մթերումն այս օրերին տեղի է ունենում»,– հայտարարեց Պապոյանը` ավելացնելով, որ մեկ–երկու մթերող է մնացել, որոնք էլ առաջիկա օրերին կավարտեն աշխատանքները։