ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի վարչական շենքում նոր վերելակ կտեղադրվի։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Նշվում է, որ Ազգային ժողովի վարչական շենքում գտնվող նիստերի դահլիճին և դրան հարակից տարածքներին ՀՀ ԱԺ պատգամավորների, հրավիրված և այլ անձանց հասանելիությունը ներկայում ապահովվում է վարչական շենքի ներսով՝ հատելով բազմաթիվ միջանցքներ և աստիճանավանդակներ։
«Դա շատ հաճախ պատճառ է հանդիսանում միջանցքներում կուտակումների և մարդկանց տեղաշարժման հետ կապված խնդիրների առաջացման, ինչն էլ հաճախ խոչընդոտէ հանդիսանում վարչական շենքում անվտանգության գործընթացի ապահովմանը»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։
Վերելակի գինը կկազմի մոտ 26 մլն դրամ: Այս գումարը ԱԺ–ին կտրամադրվի ՀՀ 2025 թ պետական բյուջեով Ազգային ժողովի ընդհանուր հատկացումների հաշվին վերաբաշխում կատարելով։