ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի - Sputnik. ԱՄՆ-ն չի հրաժարվում նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հանդիպում անցկացնելու ծրագրերից: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Կարոլին Լևիտը:
Նրա խոսքով՝ հանդիպումը շարունակում է մնալ օրակարգում, սակայն կկայանա միայն այն պայմանով, որ այն «շոշափելի արդյունք» ունենա:
«Նախագահն ու ողջ վարչակազմը հույս ունեն, որ այդ հանդիպումը մի օր կկայանա։ Բայց մենք պետք է վստահ լինենք, որ այն դրական արդյունք կտա և նախագահի ժամանակի խելամիտ օգտագործում կլինի»,-ընդգծել է Լևիտը՝ հավելելով, որ Դոնալդ Թրամփը «մտադիր չէ ժամանակ վատնել»։
Միևնույն ժամանակ, Սպիտակ տունը հաստատել է, որ ԱՄՆ առաջնորդը որոշել է պատժամիջոցների նոր փաթեթ սահմանել Ռուսաստանի դեմ, քանի որ «եկել է այն պահը, երբ դա անհրաժեշտ է»:
«Նախագահն ասում էր, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կսահմանի, երբ դա տեղին ու անհրաժեշտ համարի։ Եվ երեկ հենց այդ օրն էր»,-հայտարարել է վարչակազմի մամուլի քարտուղարը։
Հոկտեմբերի 22-ին ԱՄՆ-ն հայտարարել էր «Ռոսնեֆտի», «Լուկօյլի» և նրանց դուստր կառույցների դեմ սահմանափակող միջոցներ կիրառելու մասին: Դրանից հետո Թրամփը հայտնել էր, որ չեղարկել է ավելի վաղ նախատեսված հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ, սակայն Սպիտակ տանը ընդգծել են, որ այն ամբողջությամբ հանված չէ օրակարգից:
Լևիտի խոսքով՝ Թրամփը նախկինի պես Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման հույս ունի, սակայն «Մոսկվայի կողմից բավարար շահագրգռվածություն չի տեսնում» բանակցային գործընթացի առաջընթացի հարցում:
«Նախագահը միշտ ասել է, որ արժանավայել խաղաղ գործարք մշակելու համար երկու կողմերն էլ պետք է շահագրգռված լինեն։ Ցավոք, Ռուսաստանը վերջին շրջանում բավարար հետաքրքրություն չի ցուցաբերում խաղաղ գործընթացի առաջընթացի հարցում»,-նշել է նա։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է Կիևի հետ քննարկել կարգավորման քաղաքական ասպեկտները և աշխատել ցանկացած ձևաչափում: Նրա խոսքով՝ ռուսական կողմը դեռ հուլիսին առաջարկել էր ստեղծել երեք աշխատանքային խումբ՝ մարդասիրական, ռազմական և քաղաքական հարցերով, սակայն մինչ օրս Ուկրաինայից պատասխան չի ստացել: Բացի այդ, Վլադիմիր Զելենսկին մերժել է Վլադիմիր Պուտինի՝ ուղիղ բանակցություններ վարելու համար Մոսկվա գալու հրավերը։