Ռուսերենի հայ ուսուցիչների հռետորական հմտությունները և ՄԳԻՄՕ–ի հայկական արմատները

Ռուսաց լեզվի ութսուն հայաստանցի ուսուցիչներ հավաքվել էին Ծաղկաձորում իրենց հռետորական հմտությունները կատարելագործելու համար
Ծաղկաձորում մեկնարկել է Հայաստանում ռուսաց լեզվի ուսուցիչների համար նախատեսված վարպետության զարգացման եզակի դպրոց:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաց լեզվի ութսուն հայաստանցի ուսուցիչներ հավաքվել էին Ծաղկաձորում իրենց հռետորական հմտությունները կատարելագործելու համար։ Կազմակերպիչների խոսքով՝ յուրաքանչյուր նոր սերունդ նոր, փոփոխված սովորություններ ունի, ուստի կարևոր է, որ մանկավարժները կարողանան հետաքրքրություն առաջացնել լսարանի մոտ և այդ հետաքրքրությունը պահել մինչև դասի ավարտը: Իսկ դա հնարավոր է միայն ժամանակին համընթաց քայլելով։
Երեք օր ՄՄՀՊԻ-ի ( МГИМО) դասախոսները դասընթացներ կանցկացնեն հռետորաբանություն և համոզելու արվեստի բաղկացուցիչները, արդյունավետ հաղորդակցության կառուցման հիմքերը, տրամաբանական սխեմաների օգտագործումը թեմաներով:
«Դպրոցական ուսուցիչների որակավորման բարձրացման նպատակով ոչ ստանդարտ մոդուլն անցկացվում է առաջին անգամ, և իրենց ստեղծագործական կարողությունները կընդլայնեն 60 մարդ Հայաստանի մարզային դպրոցներից և ևս 20-ը՝ մայրաքաղաքի դպրոցներից»,-ընդգծել է Երևանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը:
Նման փորձարարական ձևաչափի գաղափարը ծնվել է հենց Հայաստանում, երբ մի քանի տարի առաջ քննարկվում էին հայ և ռուս գործընկերների փոխգործակցության տարբեր սցենարներ: Արդյունքում մտքերը վերածվեցին «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի և Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի իրական նախագծի՝ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:
Ծրագրում ներգրավված են մոսկովյան փորձառու մասնագետներ, որոնց զինանոցում մի շարք «լայֆհաքեր» կան: Արդեն դպրոցի պաշտոնական մեկնարկի նախօրեին ոչ պաշտոնական զրույցներից հստակ զգացվում էր, թե ինչ հետաքրքրությամբ են դասախոսները լսում պատմությունները իրենց վաղվա ունկնդիրների մասնագիտական կյանքից:
Ռուսաց լեզվի ութսուն հայաստանցի ուսուցիչներ հավաքվել էին Ծաղկաձորում իրենց հռետորական հմտությունները կատարելագործելու համար
Հատկանշական է, որ դասընթացն անցկացվում է առողջարանային Ծաղկաձորում․ հենց այս քաղաք են 1846 թվականին Ռուսաստանից տեղափոխվել քրիստոնեության հոսանքների հետևորդները՝ մոլոկանները և պրիգունները, ինչից հետո Կովկասի փոխարքա կոմս Վորոնցովի հրամանով այն երկար ժամանակ կոչվել է Կոնստանտինովկա՝ ի պատիվ Մեծ իշխան Կոնստանտինի։ Այստեղ դեռ պահպանվել են փայտե փորագրազարդ խրճիթներն ու համայնքային աղոթատունը։ Այդ կառույցներից մեկում անցյալ դարի 30-ականներին ապրել է բանաստեղծ Օսիպ Մանդելշտամը, որը Ծաղկաձորում գրել է իր հայտնի հայկական շարքի բանաստեղծությունները։
«Ծաղկաձորում մեր հանդիպումը լավ օրինակ է այն բանի, թե ինչպես են Երևանում ու Մոսկվայում գիտակցում, որ ռուսերենը կրթության ոլորտում ազգային ներուժի ամրապնդմանն ու զարգացմանը նպաստող կարևոր գործոն է»,- նշել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական-դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովը:
Հայտնի ՄՄՀՊԻ-ի (МГИМО) հայկական արմատների մասին հետաքրքիր մանրամասներ է պատմել լեզվի և մինչհամալսարանական ուսուցման գծով պրոռեկտոր Իգոր Պուտինցևը: Բուհը հիմնադրվել է 1944 թվականին՝ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, երբ պարզ դարձավ, որ պատերազմից հետո Խորհրդային Միության միջազգային կապերը կընդլայնվեն աշխարհով մեկ, և անհրաժեշտ է ուսումնասիրել ոչ միայն Արևմուտքի երկրների լեզուները:
ՄՄՀՊԻ-ում Արևելքի ժողովուրդների լեզուների ուսումնասիրությունն ու դասավանդումը սկսվեց Մոսկվայի Արևելագիտության ինստիտուտի միանալուց հետո: Իսկ այս հաստատությունը, ինչպես հայտնի է, հիմնադրել էր Լազարյան ընտանիքը 19-րդ դարի սկզբին՝ Պարսկաստանի և Ասիայի այլ երկրների հետ առևտուրը կազմակերպելու համար։ Մինչև 1917 թվականը այն այդպես էլ կոչվում էր՝ Օտար լեզուների Լազարյան ճեմարան։ Դասախոսները նույնպես մեծամասամբ հայկական ծագում ունեին։
«Ինստիտուտը մինչև ՄՄՀՊԻ-ին միանալը գոյություն ուներ մոտ 130-140 տարի։ Ուրեմն՝ 30 արևելյան լեզուների դպրոցները, որ մենք ունենք հիմա, հիմնադրվել են 19-րդ դարի Ռուսաստանի հայ համայնքի ակտիվ մասնակցությամբ»,- ասում է ՄՄՀՊԻ-ի պրոռեկտոր Իգոր Պուտինցևը։
Հատկանշական է, որ Լազարյան ճեմարանի և նրա իրավահաջորդի՝ Մոսկվայի Արևելագիտության ինստիտուտի հրատարակչությունը գտնվում էր այն շենքում, որտեղ հիմա գործում է Հայաստանի դեսպանատունը՝ Մոսկվայի Հայկական նրբանցքում։ Նույնիսկ գաղափար կա շենքի պատմական դիմագիծն արտացոլել ՄՄՀՊԻ-ի խորհրդանշանի վրա, բայց դա դեռ պետք է քննարկվի հայկական կողմի հետ։ Բացի այդ, հայոց լեզուն բուհում դասավանդվող 57 լեզուներից մեկն է, իսկ բուհն իր հերթին գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես հաստատություն, որտեղ դասավանդվում են ամենամեծ թվով օտար պետական լեզուները: