Քաղաքական հաշվեհարդար և ազատ մտածողության դեմ պայքար․ Թանդիլյանը` նոր օրենքի մասին

Մանե Թանդիլյան. Արխիվային լուսանկար
«Շողակաթի» դեմ պայքարը նաև ազգային արժեքների ու դրանց տարածմանը նպաստող կրթական-մշակութային հաղորդումների դեմ է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Անընդունելի է իրավիճակային և քաղաքական միջամտությունը, որը վտանգում է Հայաստանում խոսքի ազատությունը, հանրային հեռարձակողների բազմազանությունն ու ազատ մամուլի ինստիտուտը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը՝ անդրադառնալով «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի փոփոխության նախագծին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ–ն այսօր 1–ին ընթերցմամբ ընդունեց «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը։ Նախատեսում է գործող օրենքով սահմանված հանրային հեռարձակողների թիվը նվազեցնել՝ հասցնելով երկուսի՝ միևնույն ժամանակ վերացնելով նաև կրթական-մշակութային ուղղվածության ծրագիր պարունակելու պահանջը։ Օրինագծի հիմնավորումից պարզ է դառնում, որ խոսքը հոգևոր–մշակութային «Շողակաթ» հեռուստաընկերությունից հրաժարվելու և այն հանրային հեռարձակողների շարքից դուրս թողնելու մասին է։
«ԱԺ-ում ընթացող քննարկումներից ու քվեարկությունից ակնհայտ է դառնում, որ օրինագիծը ոչ թե համակարգային բարեփոխում է, այլ հերթական քաղաքական հաշվեհարդարի փորձ։ «Շողակաթի» դեմ պայքարը, մեծ հաշվով, պայքար է նաև ազգային արժեքների ու դրանց տարածմանը նպաստող կրթական-մշակութային հաղորդումների դեմ»,- գրել է Թանդիլյանը։
Նրա կարծիքով՝ սա նաև Հայ առաքելական եկեղեցու դիրքերը թուլացնելու, եկեղեցականների դեմ քաղաքական արշավը նոր փուլ տեղափոխելու և երկրում, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, ճնշումների նոր ալիք սկսելու պարզունակ փորձ է։
«Անընդունելի է, որ մեր երկրի առաջ ծառացած լրջագույն խնդիրները լուծելու և իրենց իրական պարտականությունները կատարելու փոխարեն, գործող իշխանությունները շարունակում են զբաղվել քաղաքական հաշվեհարդարներով և ազատ մտածողության դեմ պայքարով»,- եզրափակում է Թանդիլյանը։
Հիշեցնենք՝ «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծն այսօր ընդունվեց 63 կողմ, 31 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։ Նախագիծը հեղինակել են ՔՊ խմբակցության պատգամավորներ Թագուհի Ղազարյանն ու Սիսակ Գաբրիելյանը։ ՔՊ–ական պատգամավորներն առաջարկում են կրճատել հանրային կարգավիճակ ունեցողներ հեռուստաալիքների թիվը՝ 3–ից դարձնելով 2։ Հանրային երեք ալիքներն են՝ «Առաջին ալիքը», որպես հիմնական հեռարձակող, հոգևոր-մշակութային «Շողակաթը» և «Լուրեր» լրատվական ալիքը։ Լրագրողական մի շարք կազմակերպություններ, այդ թվում` Հայաստանի ժուռնալիստների միությունն բողոքել են այս նախագծի դեմ և պահանջել հետ կանչել այն ԱԺ–ից։