Մանկավարժական համալսարանի ռեկտորի լիազորությունները կասեցված են․ ԿԳՄՍ նախարար

Նախարարը նշեց, որ առաջիկայում բուհում լուրջ ուսումնասիրություն պետք է արվի, թե հնարավո՞ր է` բուհում եղել են մարդիկ, որոնք իմացել են կոռուպցիայի մասին ու չեն ահազանգել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանի լիազորությունները կասեցված են։ Այսօր ԱԺ-ում այս մասին հայտարարեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նշենք՝ հոկտեմբերի 17–ին հայտնի դարձավ, որ ձերբակալվել են համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը և համալսարանի մի շարք այլ աշխատակիցներ։ Ռեկտորի պաշտպան Կարեն Գաբրիելյանն այսօր Sputnik Արմենիային հայտնեց, որ դատարանը մերժել է ռեկտորին կալանավորելու միջնորդությունը, և կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց։ Ռեկտորի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը և 20 մլն դրամ գրավը: Պրոռեկտորն էլ խոստովանական ցուցմունք է տվել ու հաշվի առնելով դա՝ նրա նկատմամբ նույնպես այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։
«Այսօր տեղի է ունեցել հոգաբարձուների խորհրդի նիստ, որով ռեկտորի լիազորությունները կասեցվել են և ժամանակավոր պաշտոնակատարի հարցն է կարգավորվել, որ բուհի բնականոն գործունեությունը շարունակվի»,- ասաց Անդրեասյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Ջուլիետա Ազարյանի հարցին։
Նախարարը նշեց, որ առաջիկայում պետք է լրջորեն դիտարկեն բուհի անձնակազմի հարցը, թե արդյոք որևէ մեկը տեղյակ եղե՞լ է, թե ինչ է կատարվում։ Շեշտեց՝ եթե որևէ մեկը ինչ-որ չափով տեղյակ է եղել, կասկածել է կամ գլխի է ընկել ու ժամանակին չի ահազանգել, նրա հետագա աշխատանքը բուհում պետք է քննարկվի։
Հիշեցնենք` ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի` համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը և համալսարանի մի շարք այլ աշխատակիցներ մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու մեջ։