ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Գյումրիում տեղի ունեցած անկարգությունների մասնակից 19 անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ 19 անձի թվում են նաև փաստաբան, «Մեր ձևով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանն ու 1 անչափահաս։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրու համայնքապետարանի մոտ հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով 37 անձ է ձերբակալվել, որոնցից 29-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել զանգվածային անկարգություններին մասնակցելու, պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու և արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելու հոդվածով։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 20-ին ուժայինները ներխուժեցին Գյումրու քաղաքապետարան, որպեսզի բերման ենթարկեն համայնքապետ Վարդան Ղուկասյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, որ 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։ Ժամեր անց Ղուկասյանն ինքը դուրս եկավ համայնքապետարանի շենքից և մոտեցավ իրավապահների ավտոմեքենային։ Այդ ընթացքում քաշքշուկ սկսվեց համայնքապետարանի շենքը շրջապատած ոստիկանների ու համայնքապետի կողմնակիցների միջև։ Ուժայինները սկսեցին ձերբակալությունները։
ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ քրեական վարույթ է նախաձեռնվել Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով։
Հոկտեմբերի 21-ի առավոտյան Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվեց 2 ամսով։