ԵՏՀ-ում հայտարարել են ԵԱՏՄ երկրների քաղաքացիների համար նոր արտոնությունների մշակման մասին

ԵԱՏՄ ծառայությունների միասնական շուկայի ձևաչափում արդեն ներառված է ՄԱԿ-ի CPC-ն (Central Product Classification՝ առանցքային արտադրանքի դասակարգիչ), որով դասակարգվում է ոլորտների շուրջ 30%-ը, և այդ ցանկը շարունակում է ընդլայնվել։
Sputnik
ԵԱՏՄ երկրների հետ աշխատանքներ են տարվում եվրասիական տարածքի ծառայությունների միասնական շուկայի ձևաչափում արդեն գործող 142 ոլորտներին ևս 117-ը լրացուցիչ ընդգրկելու ուղղությամբ: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ձեռնարկատիրական գործունեության զարգացման դեպարտամենտի տնօրեն Երնար Բակենովը:
Նրա խոսքով, 142 ոլորտներ, որոնք արդեն անցել են միասնական ծառայությունների շուկայի ձևաչափի, մասնավորապես՝ մեծածախ և մանրածախ առևտուրը, գյուղատնտեսության և շինարարության որոշակի տեսակի ծառայությունները և այլն, CPC դասակարգչով ԵՏՀ փորձագետների իրականացրած գնահատականներով կազմում են մոտ 30%-ը։
Շարունակելով ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների համար առավելությունների շրջանակի ընդլայնման թեման՝ ԵՏՀ աշխատանքային միգրացիայի և սոցիալական պաշտպանության դեպարտամենտի տնօրեն Ալթինայ Օմուրբեկովան հայտնել է, որ մշակվում է եվրասիական տարածքում աշխատողների որակավորման փոխադարձ ճանաչման հնարավորությունը:
«Մենք հասկանում ենք, որ աշխատաշուկայում շատ կարևոր է, երբ քո որակավորումը ճանաչվում է։ Այդ նպատակին հասնելու համար պետք է որոշակի աշխատանք կատարել, ինչով և հիմա զբաղվում ենք», - ընդգծել է Օմուրբեկովան։
Նա նաև նշել է, որ մասնագիտությունների վերաբերյալ հանձնարարականները, որոնք մշակում է ԵՏՀ-ն, թույլ կտան մոտեցնել երկրների դիրքորոշումները և արագացնել որակավորումների փոխադարձ ճանաչման գործընթացը: