ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik. Ճապոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Սանաե Տակաիտին դարձել է երկրի պատմության մեջ առաջին կին վարչապետը՝ խորհրդարանի երկու պալատներում անցկացված քվեարկության արդյունքներով։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Սանաե Տակաիտին դարձել է Ճապոնիայի 104-րդ վարչապետը։ Նա 64 տարեկան է, նախքան Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդի պաշտոնը ստանձնելը արչքի է ընկել ծայրահեղ աջ և պահպանողական հայտարարություններով:
Տակաիտին հանգուցյալ նախկին վարչապետ Սինձո Աբեի մերձավոր շրջապատից էր։ Առաջին անգամ կառավարություն է մտել նրա վարչապետության առաջին ժամկետում՝ 2006 թվականին, զբաղեցրել է «Օկինավայի և հյուսիսային տարածքների հարցերով» նախարարի պաշտոնը (Ճապոնիայում այդպես են անվանում Կունաշիր, Շիկոտան, Իտուրուպ և Հաբոմաի շրջանները)։ Աբեն նրան անվանում էր «պահպանողականների աստղ»։
Տակաիտին չի թաքցնում, որ կցանկանար դառնալ Ճապոնական «Երկաթե լեդի», քանի որ նրան դուր է գալիս Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերի քաղաքական ոճը։
Նրա կարգախոսների թվում են «Ճապոնիան ուժեղ դարձնելու», «Ճապոնիան բարձունք վերադարձնելու», «լճացումից դուրս գալու» ձգտումը։
Տակաիտին վճռականորեն հանդես է գալիս երկրի հիմնական օրենքում փոփոխություններ կատարելու օգտին․ նա անհրաժեշտ է համարում Սահմանադրության մեջ ինքնապաշտպանական ուժերի մասին դրույթ մտցնելը: Նա կարծում է, որ դրանք պետք է անվանել «ինքնապաշտպանական բանակ», ինչը կհստակեցնի դրանց կարգավիճակը։
Անվտանգության ոլորտում Տակաիտին անհրաժեշտ է համարում պաշտպանունակության ամրապնդումը տիեզերքում կիբեռտարածքում և ՌԷՊ-ում։
Հոկտեմբերի 21-ին կհայտարարվի Ճապոնիայի կառավարության նոր կազմը: