Պահանջում ենք մեր տնօրենին. Էջմիածնի թիվ 1 դպրոցի ուսուցիչներն ակցիա են անում ԿԳՄՍՆ–ի մոտ

Դպրոցի տնօրենին աշխատանքից հեռացրել են` պատճառաբանելով, թե քաղաքական զսպվածություն չի ցուցաբերել։ Ուսուցչական կազմը հերքում է այդ հանգամանքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Էջմիածնի Մ․ Մաշտոցի անվան թիվ 1 դպոցի ուսուցիչները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մոտ ակցիա են իրականացնում՝ պահանջելով իրենց տնօրենին՝ Լիլիթ Պետրոսյանին վերադարձնել նույն պաշտոնին։
«Մենք եկել ենք այստեղ, որպեսզի դիմում ներկայացնենք նախարարին, մեկն էլ կտանք վարչապետին։ Մեր դպրոցի տնօրենին անհիմն են աշխատանքից ազատել, նրան հասցեագրված մեղադրանքն անհիմն է։ Պատճառաբանել են, թե քաղաքական զսպվածություն չի ցուցաբերել, բայց մեր դպրոցում քաղաքականությանը վերաբերող որևէ հարց չի քննարկվում ու չի խոսվում։ Մեր տնօրենի նման նվիրյալ անձ ես չեմ տեսել, դպրոցը միայն շահում է նմանատիպ ղեկավար ունենալով»,- ասաց քիմիայի ուսուցիչ Արմինե Մանուկյանը։
Նա ընդգծեց, որ տնօրենին հեռախոսով են աշխատանքից ազատել, միայն հետո են դիմում ներկայացրել։
Ըստ շրջանառվող լուրերի՝ Արմավիրի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է) իր ծանոթին է ցանկանում դպրոցի տնօրենի պաշտոնում նշանակել։
Արմինե Մանուկյանը նշեց, որ տեղյակ չէ այդ լուրերից, դեռ չգիտի` ում են ցանկանում նշանակել։
Մեկ այլ ուսուցիչ էլ ներկայացրեց նախարարին, ապա նաև վարչապետին հանձնվելիք դիմումի բովանդակությունը։ Դրանից պարզ դարձավ, որ դպրոցի տնօրեն Լիլիթ Պետրոսյանը հոկտեմբերի 20-ին հայտարարել է, որ հոկտեմբերի 17-ին քաղաքական զսպվածություն չցուցաբերելու մասին մեղադրանքներով գրություն է ստացել մարզպետարանից։
Էմին Թորոսյանին ազատել են Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնից
ԿԳՄՍՆ–ի հանրակրթության վարչության հանրակրթական և արտադպրոցական հաստատությունների համակարգման բաժնի պետ Ստալ Սարդարյանը վերցրեց իրենց հասցեագրված դիմումը և հավելեց, որ դպրոցներն ապաքաղաքական են ու պետք է այդ նիշը պահել։ Հավելեց նաև, որ դիմումը և ստեղծված իրավիճակն իրենք դեռ պետք է ուսումնասիրեն։
Ուսուցիչներն ասացին, որ այս դիմումի պատասխանը ստանալուց հետո կորոշեն` դիմե՞լ ՀՀ վարչապետին, թե՞ ոչ։
Նշենք, որ դպրոցի բոլոր ուսուցիչները ստորագրել են ԿԳՄՍ նախարարին ու ՀՀ վարչապետին հասցեագրված դիմումների տակ։
Հիշեցնենք` ԶԼՄ-ներն ավելի վաղ գրել էին, որ Պետրոսյանը վստահեցրել է՝ իրեն աշխատանքից ազատելու պատճառը Արգիշտի Մեխակյանի անձնական թշնամանքն է։ Ըստ լրատվականի՝ Մեխակյանը ցանկացել է ՄԿԱ գծով տեղակալ նշանակել իր ընկերոջ կնոջը, որն ուսուցչի օգնական է, բայց չունի բավարար աշխատանքային ստաժ։ Լիլիթ Պետրոսյանը մերժել է այդ թեկնածուին, քանի որ նա չի ունեցել անհրաժեշտ մասնագիտական փորձ և պատրաստվածություն։ Բացի այդ, տարիներ առաջ դպրոցի տնօրենի մրցույթին մասնակցել է նաև Մեխակյանի քեռակինը, բայց ընտրվել է Պետրոսյանը։
Ձերբակալվել են Նորավան գյուղի դպրոցի տնօրենն ու այլ աշխատակիցներ