ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik. Գյումրիում երեկ տեղի ունեցած դեպքերը ցույց տվեցին, որ մեծամասնությունը բացարձակապես չի ընդունում ժողովրդի քվեն ու տված վստահությունը։ Այսօր ԱԺ-ում այս մասին հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Նրա խոսքով՝ գործող իշխանությունը նախ տեղեկատվական արշավով է փորձում վարկաբեկել մարդկանց, այնուհետև անցնում է գործողության։
Ավելի վաղ հայտնել ենք, որ հոկտեմբերի 20-ին ուժայինները ներխուժեցին Գյումրու քաղաքապետարան, որպեսզի բերման ենթարկեն համայնքապետ Վարդան Ղուկասյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, որ 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։ Հոկտեմբերի 21–ին հայտնի դարձավ, որ դատարանը 2 ամսով կալանք է սահմանել Վարդան Ղուկասյանի նկատմամբ։
«Ոչ ոք իրավունք չունի խախտել Սահմանադրության 66-րդ հոդվածով ամրագրված անմեղության կանխավարկածի սկզբունքը։ Բայց երբ քաղաքական պատասխանատու մարդիկ՝ պատգամավորները, իրար հերթ չտալով մեխում ու հաստատում են հանցագործության առկայության մասին, հաստատակամ պնդումներ են կատարում, սա խոսում է այս մարդկանց հակաօրինական, Սահմանադրությանը չտիրապետելու, ժողովրդավարության և իրավական պետության հիմնարար սկզբունքները խախտելու վարքագծի մասին»,- ասաց Արծվիկ Մինասյանը։
Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց՝ նշելով, թե ընդդիմությունը Գյումրիում ընտրել է քաղաքապետ, որին, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի, 6 ամիս ու 1 օր պահանջվեց կաշառք ընդունելու համար։
«Եթե ձեզ թվում է, թե դուք կողքից ուղղակի աջակցում եք ըստ ձեր լեզվամտածողության` քաղբանտարկյալ Վարդանիկին, ո՛չ, դուք ուղղակի չեք աջակցում, այլ ուղիղ քաղաքական պատասխանատվություն եք կրում ենթադրյալ կաշառալափության համար։ Դուք՝ երկու խմբակցությունները և ուժերը, որոնք ներկա են այստեղ»,- ասաց Ռուբեն Ռուբինյանը։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 20-ին ուժայինները ներխուժեցին Գյումրու քաղաքապետարան, որպեսզի բերման ենթարկեն համայնքապետ Վարդան Ղուկասյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, որ 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։ Ժամեր անց Ղուկասյանն ինքը դուրս եկավ համայնքապետարանի շենքից և մոտեցավ իրավապահների ավտոմեքենային։ Այդ ընթացքում քաշքշուկ սկսվեց համայնքապետարանի շենքը շրջապատած ոստիկանների ու համայնքապետի կողմնակիցների միջև։ Ուժայինները 23 մարդու ձերբակալեցին։
ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ քրեական վարույթ է նախաձեռնվել Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականացումը խոչընդոտելու հատկանիշներով։
Հոկտեմբերի 21-ի առավոտյան Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվեց 2 ամսով։