Կալանավորվել է նաև Գյումրու գլխավոր ճարտարապետը

Հենրիկ Գասպարյանը ձերբակալվել էր Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը կալանավորվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրու մի խումբ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու գործով 8 անձանցից 5-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան։ Գյումրու համայնաքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվել է 2 ամսով, մեկի նկատմամբ էլ կիրառվել է տնային կալանք։
«Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու, ինչպես նաև նույն պաշտոնատար անձանց կողմից խմբի կազմում նախնական համաձայնությամբ իրենց լիազորությունները չարաշահելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալված ևս 2 անձանց` այդ թվում գլխավոր ճարտարապետի նկատմամբ, որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը»,- նշեցին կոմիտեից։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 20-ին ուժայինները ներխուժեցին Գյումրու քաղաքապետարան, որպեսզի բերման ենթարկեն համայնքապետ Վարդան Ղուկասյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, որ 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։ Ժամեր անց Ղուկասյանն ինքը դուրս եկավ համայնքապետարանի շենքից և մոտեցավ իրավապահների ավտոմեքենային։ Այդ ընթացքում քաշքշուկ սկսվեց համայնքապետարանի շենքը շրջապատած ոստիկանների ու համայնքապետի կողմնակիցների միջև։ Ուժայինները 23 մարդու ձերբակալեցին։
Հոկտեմբերի 21-ի առավոտյան Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվեց 2 ամսով։