Հութիների առաջնորդը հայտարարել է՝ ողջ զենքն ինքնուրույն են արտադրում

Ալ-Հուսիին նաև հայտարարել է, որ հութիների հրթիռների արտադրությունը «շարունակական զարգացման ճանապարհին է»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Եմենի հյուսիսում իշխող շիա ռազմաքաղաքական շարժման՝ «Անսար Ալլահ» (հութիների) առաջնորդ Աբդել Մալիկ ալ-Հուսիին հայտարարել է, որ իրենք զարգացած ռազմական արդյունաբերություն ունեն և ինքնուրույն են արտադրում ողջ զենքը՝ ատրճանակներից մինչև հրթիռներ։ Այս մասին նա հայտարարել է «Al Masirah» հեռուստաալիքի եթերում։
«Եմենն այժմ արաբական աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում ռազմատեխնիկական արտադրության հարցում։ Մեր երկրի ռազմական արդյունաբերությունն ամեն ինչ արտադրում է՝ ատրճանակներից մինչև «Կալաշնիկով» ինքնաձիգներ, հրետանի, դիպուկահար հրացաններ, անօդաչուներ և տարատեսակ հրթիռներ», – ասել է նա։
Ալ-Հուսիին նշել է, որ հութիների հրթիռների արտադրությունը «շարունակական զարգացման ճանապարհին է», ինչպես նաև «նշանակալի առաջընթաց է գրանցվել անօդաչուների ստեղծման գործում»։
Հիշեցնենք` հութիները Իսրայելի ուղղությամբ հարձակումներ սկսեցին 2023 թվականի նոյեմբերին՝ իսրայելական բնակավայրերի վրա ՀԱՄԱՍ-ի զինյալների հարձակումից մեկ ամիս անց։ Նրանք Իսրայելի ուղղությամբ արձակեցին ավելի քան 130 հրթիռ, ինչպես նաև տասնյակ ԱԹՍ–ներ։ Ի պատասխան ՑԱԽԱԼ–ը 19 անգամ հարձակվեց Եմենում հութիների հենակետերի վրա։ Եմենի արմատականների առաջնորդ Աբդուլ Մալիք ալ-Հութին Գազայի հատվածում հրադադարի մասին հայտարարությունից հետո հայտարարեց, որ խմբավորումը կվերսկսի հարձակումները, եթե համարի, որ Թել Ավիվը չի կատարում համաձայնագրի իր մասը: