Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը 2 ամսով կալանավորվեց

Որոշումը կայացրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik. Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը, Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանի որոշմամբ, կալանավորվեց 2 ամսով։ Տեղեկությունը լրագրողներին հայտնեց Ղուկասյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը։ Սահմանափակված են նաև Գյումրու ղեկավարի տեսակցությունները՝ բացառությամբ ընտանիքի անդամների։
Փոստանջյանը շեշտեց՝ չկա որևէ փաստական հիմք հիմնավոր կասկածի համար։ Ինչ վերաբերում է կալանավորման որոշմանը, ապա ընդամենը մի քաղվածք են տրամադրել, իսկ որոշումը խոստացել են վաղը տրամադրել, որ պաշտպանները կարողանան բողոքարկել այն։
«Գործ ունենք ակնհայտ պատվիրված, շինծու քրեական գործի հետ։ Այն նպատակ ունի զրկել Գյումրին կառավարվելու հնարավորությունից և քաոս ստեղծել Գյումրիում, այդ թվում՝ այնպիսի քաոս, որ մարդիկ իրենց բարկությունն ավելի ընդգծված արտահայտեն»,- ասաց Փոստանջյանը։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 20-ին ուժայինները ներխուժեցին Գյումրու քաղաքապետարան, որպեսզի բերման ենթարկեն համայնքապետ Վարդան Ղուկասյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, որ 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։ Ժամեր անց Ղուկասյանն ինքը դուրս եկավ համայնքապետարանի շենքից և մոտեցավ իրավապահների ավտոմեքենային։ Այդ ընթացքում քաշքշուկ սկսվեց համայնքապետարանի շենքը շրջապատած ոստիկանների ու համայնքապետի կողմնակիցների միջև։ Ուժայինները 23 մարդու ձերբակալեցին։
ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ քրեական վարույթ է նախաձեռնվել Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականացումը խոչընդոտելու հատկանիշներով։
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 1–ին, Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Արդեն 6 ամիս է, որ Գյումրին կառավարում է մի կլան, որի ղեկավարը, կամ շատերն են ճանաչում՝ Վարդանիկը, կամ ըստ մեղադրանքի` համայնքային բրուշատկաներ գողացողի հայրն այս ընթացքում այնքան է իրեն արդեն թույլ տվել արտահայտություններ, որ վերջերս հրապարակային կերպով կասկածի տակ դրեց Հայաստանի ինքնիշխանությունը։...Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին մենք պետք է դուրս շպրտենք քաղաքական ու հանրային դաշտից»:
Հոկտեմբերի 17-ին Վարդան Ղուկասյանն արձագանքեց` իրավապահների ուշադրությունը հրավիրելով Փաշինյանի հայտարարության վրա։ Նա նշեց, որ Փաշինյանը պետք է բացատրություն տա, թե ինչ նկատի ուներ, քանի որ, ըստ Ղուկասյանի, հանրային դաշտից դուրս շպրտելը նշանակում է կյանքից զրկել։