ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը Երևանում վտանգավոր խաղալիքներ է հայտնաբերել։ Տեղեկությունը հայտնում է տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։
Տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել «Խաղալիքների անվտանգության ստուգման վերաբերյալ» ստուգաթերթի համաձայն։
«Իրականացվել է խաղալիքների նմուշառում, որի արդյունքում պարզվել է, որ «Սլայմեր» տեսակի խաղալիքը չի համապատասխանում տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին և պարունակում է վտանգավոր բաղադրիչներ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Արձանագրված խախտումները վերացնելու նպատակով տեսչական մարմնի ղեկավարը արտադրանքի խմբաքանակի իրացման կասեցման, հետկանչման և ոչնչացման վերաբերյալ կարգադրագրեր է ներկայացրել։
© Photo : MSIB
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հորդորում է բոլոր սպառողներին, որոնք ձեռք են բերել նշված տեսակի խաղալիքներ, կապ հաստատել տեսչական մարմնի հետ և վերադարձնել դրանք՝ հետագայում երեխաների առողջությանը հասցվելիք վնասներից խուսափելու համար։