Արաբկիրի թաղապետարանում կաշառքի գործով ձերբակալվածներ կան․ Հակակոռուպցիոն կոմիտե

Ձերբակալում. Արխիվային լուսանկար
Ձերբակալվածներից մեկը զբաղեցնում է ստորաբաժանման պետի պաշտոնը, իսկ մյուսն օրեր առաջ էր ազատվել աշխատանքից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Երևանի Արաբկիր վարչական շրջանի աշխատակիցներից մեկը ձերբակալվել է կաշառքի գործով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
Կոմիտեից նաև հայտնեցին, որ ևս 1 ձերբակալված կա, որն էլ նախկին աշխատակից է։
Հավելենք, որ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ ձերբակալվածներից մեկը ստորաբաժանումներից մեկի պետն է, իսկ մյուս աշխատակիցն էլ օրերս էր ազատվել աշխատանքից։
Հիշեցնենք` ՀՀ քննչական կոմիտեն 2025 թ. հուլիսի 3-ին քննչական գործողություններ էր կատարել Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում, կային ձերբակալվածներ։
Հուլիսի 4-ին հայտնի դարձավ, որ Արաբկիրի թաղապետարանի գործով 8 անձի մեղադրանք է ներկայացվել, 3-ը պաշտոնյաներ են։ Մեղադրյալներից 4-ի, այդ թվում` 2 պաշտոնատար անձի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուս պաշտոնատար անձի նկատմամբ` տնային կալանքը և գրավը` 30 մլն դրամի չափով։ Եվս 3 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։
Կալանավորված պաշտոնյաների թվում էր Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը։ Դրանից մեկ ամիս անց նրա խափանման միջոցը փոխվել էր տնային կալանաքով։ Մեկ տարի անց դատարանը վերացրել էր Ազատյանի նկատմամբ կիրառած սանկցիաները, և նա 2025թ․ օգոստոսի 6–ից վերադարձել էր իր պաշտոնին։ Դրանից ընդամենը 2 օր անց Ազատյանն աշխատանքից ազատման դիմում էր գրել։ Արաբկիր վարչական շրջանի ներկայիս ղեկավարն է Սուրեն Վարոսյանը։