Վրաստանի հետ նավիգացիոն կապարակնիքների շուրջ բանակցությունները վարում է Հայաստանը. ԵՏՀ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովում սպասում են, թե ինչպես կզարգանան հայ–վրացական փոխգործակցության հարցերը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Հաշվի առնելով Ռուսաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը, նավիգացիոն կապարակնիքների ներդրումից հետո ռուս-վրացական և վրաց-հայկական սահմանների հատման պարզեցման շուրջ բանակցությունները վարում է Հայաստանը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ԵՏՀ մաքսային համագործակցության հարցերով նախարար Ռուսլան Դավիդովը։
Նրա խոսքով՝ այդ հարցը հեշտ չէ, սակայն բանակցությունները շարունակվում են։
«Կուզեի ասել, որ մենք հիմա բանակցային գործընթացում ենք։ Առաջին հերթին, թերևս, ավելի ճիշտ կլինի ասել, որ վրացիների հետ բանակցային գործընթացում են մեր հայ գործընկերները։ Դուք գիտեք, որ Ռուսաստանի Դաշնությունը, ցավոք, այսօրվա դրությամբ դիվանագիտական հարաբերություններ չունի Վրաստանի հետ, ուստի այդ հարցերը, այսպես ասենք, Ռուսաստանի համար դժվար է կարգավորել»,-ասել է Դավիդովը։
Նրա խոսքով՝ ԵՏՀ-ում սպասում են, թե ինչպես կշարունակվեն, կզարգանան հայ– վրացական փոխգործակցության հարցերը։ Ընդ որում, մաքսային սահմանի բացակայություն կա նաև Կալինինգրադի դեպքում։
«Եթե միության անդամ չհանդիսացող երկրների տարածքով կապարակնիքների անարգել տեղաշարժման մասին պայմանավորվածությունները դրական ավարտ չունենան, ապա մենք կպատրաստենք պահեստային տարբերակներ»,-հայտարարել է Դավիդովը:
ՌԴ–ում հայաստանցի վարորդների մնալու սահմանափակումները կարող են վերացվել. ԵՏՀ
Նա նշել է, որ դեռ երկուսուկես ամիս կա գործընկերների հետ համաձայնության գալու փորձի համար։ Եթե ոչ, ապա պետք է համապատասխան աշխատանքային սխեմա առաջարկել։
ԵԱՏՄ-ում փոխադրումներին հետևելու համար բեռնատարների վրա նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին համաձայնագիրը վավերացվել է 2022 թվականին։ Ներկայում երկրներն ավարտում են հետագծման համար անհրաժեշտ տեխնիկական գործողությունները։