ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանն իրեն վերագրվող մեղադրանքը չի ընդունում։ Հակակոռուպցիոն կոմիտեի մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան Արամայիս Հայրապետյանը։
«Պարոն Ղուկասյանը հերքում է ամեն ինչ, որևէ մեղադրանք չի ընդունում։ Ավելին` նկարագրության մեծ մասը թվագրվում է 2024 թվականի դեկտեմբերից մինչև 2025 թվականի փետրվարը։ Այդ ժամանակ Վարդան Ղուկասյանը համայնքի ղեկավար չէր, թող ՔՊ-ի թեկնածուին, կամ այդ ժամանակվա պաշտոնակատարին հարցնեն՝ ինչու է նման բան տեղի ունեցել։ 6-7 դրվագից մեկն է վերաբերում պարոն Ղուկասյանի պաշտոնավարման ընթացքին»,- նշեց փաստաբանը։
Ընդգծեց՝ հավանաբար կալանքի միջնորդություն կներկայացվի։ Ձերբակալված մյուս անձանց մասով Հայրապետյանը տեղեկություններ չունի։
Ինչպես հայտնել ենք, ուժայիններն առավոտյան ներխուժեցին Գյումրու քաղաքապետարան, որպեսզի բերման ենթարկեն համայնքապետ Վարդան Ղուկասյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, որ 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։ Ժամեր անց Ղուկասյանն ինքը դուրս եկավ համայնքապետարանի շենքից և մոտեցավ իրավապահների ավտոմեքենային։ Այդ ընթացքում քաշքշուկ սկսվեց համայնքապետարանի շենքը շրջապատած ոստիկանների ու համայնքապետի կողմնակիցների միջև։ Ուժայինները 23 մարդու ձերբակալեցին։
ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ քրեական վարույթ է նախաձեռնվել Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականացումը խոչընդոտելու հատկանիշներով։
Հիշեցնենք` հոկտեմբերի 1–ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Արդեն 6 ամիս է, որ Գյումրին կառավարում է մի կլան, որի ղեկավարը, կամ շատերն են ճանաչում՝ Վարդանիկը, կամ ըստ մեղադրանքի` համայնքային բրուշատկաներ գողացողի հայրն այս ընթացքում այնքան է իրեն արդեն թույլ տվել արտահայտություններ, որ վերջերս հրապարակային կերպով կասկածի տակ դրեց Հայաստանի ինքնիշխանությունը։...Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին մենք պետք է դուրս շպրտենք քաղաքական ու հանրային դաշտից»:
Հոկտեմբերի 17-ին Վարդան Ղուկասյանն արձագանքեց` իրավապահների ուշադրությունը հրավիրելով Փաշինյանի հայտարարության վրա։ Նա նշեց, որ Փաշինյանը պետք է բացատրություն տա, թե ինչ նկատի ուներ, քանի որ, ըստ Ղուկասյանի, հանրային դաշտից դուրս շպրտելը նշանակում է կյանքից զրկել։