ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Սանկտ Պետերբուրգ-Բաքու չվերթի ինքնաթիռը, որում 162 մարդ է եղել, վթարային վայրէջք է կատարել «Պուլկովո» օդանավակայանում։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով ՌԴ քննչական կոմիտեին, նախնական պատճառն այն է, որ օդ բարձրանալուց առաջ չի հեռացվել շասսիի կանգնակը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Airbus A320» ինքնաթիռը ժամը 00.30-ին մեկնել է Սանկտ Պետերբուրգից, սակայն անսարքության պատճառով մի քանի ժամ պտտվել է օդանավակայանի տարածքում և վթարային վայրէջք կատարել «Պուլկովոյում», վայրէջքի ժամանակ ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղու սահմաններից: Օդանավակայանը միջադեպի պատճառով որոշ ժամանակ դադարեցրել է աշխատանքը։
«Քննիչները պարզում են «Պուլկովո» օդանավակայանում ինքնաթիռի վթարային վայրէջքի հանգամանքները։ Միջադեպի նախնական պատճառ է դարձել տեխնիկական անսարքությունը. չի հեռացվել շասսիի կանգնակը: Տուժածներ չկան, օդանավը չի վնասվել»,– հայտնել է ՌԴ քննչական կոմիտեն։
Քննիչները զննում են պատահարի վայրը, կազմակերպվել են մի շարք ստուգողական միջոցառումներ, որպեսզի պարզեն բոլոր հանգամանքները։