ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ուժայիններն առավոտյան մտել են Գյումրու քաղաքապետարան, որպեսզի բերման ենթարկեն համայնքապետ Վարդան Ղուկասյանին։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի` 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։ Ձերբակալվել է նաև Վարդան Ղուկասյանը, որն ինքը դուրս եկավ համայնքապետարանի շենքից և վազելով մոտեցավ իրավապահների ավտոմեքենային։ Համայնքապետարանի մոտ կարմիրբերետավորների և հավաքվածների միջև բախումներ ու քաշքշուկներ էին լինում։
«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների կողմից կատարվող քննչական գործողություններին խոչընդոտելու համար Գյումրու համայնքապետարանի վարչական շենքի մոտ՝ այդ թվում նաև վարչական շենքի մուտքերի մոտ և վարչական շենքում, հավաքվել են մի խումբ անձինք, ովքեր տարաբնույթ գործողությունների իրականացմամբ միջամտել են գործի քննությանը, հասարակական անվտանգությանը սպառնացող զանգվածային անկարգություններ են կատարել, ինչը զուգորդվել է բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և վնասելով, որի ընթացքում ոստիկանության ծառայողների կողմից օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով բռնություն են գործադրել նաև վերջիններիս նկատմամբ»,– ասված է հաղորդագրության մեջ։
Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի, 452-րդ հոդվածի 3-րդ մասի և 486-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Նշվում է, որ քրեական վարույթով նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:
Քննչական կոմիտեից նաև նախազգուշացնում են, որ տարբեր անձանց կողմից իրավապահ մարմինների օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը և միջամտելը ՀՀ օրենսդրության համաձայն կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության։ Այդ պատճառով կոմիտեից հորդորում են ձեռնպահ մնալ հակաիրավական վարքագծի ցանկացած դրսևորումներից։