ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հարձակվել է շիական «Հզբոլլահ» շարժման՝ Լիբանանի հարավում գտնվող օբյեկտների վրա: Այս մասին հայտնել է ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայությունը։
«Որոշ ժամանակ առաջ ՑԱԽԱԼ-ը հարվածել է Լիբանանի Նաբաթիա շրջանում գտնվող` «Հզբոլլահի» ահաբեկչական ենթակառուցվածքի օբյեկտներին։ «Հզբոլլահը» շարունակում է Լիբանանի ողջ տարածքում ահաբեկչական ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման փորձերը», - ասվում է ՑԱԽԱԼ–ի հայտարարության մեջ:
Զինվորականներն ընդգծել են, որ «Հզբոլլահի» օբյեկտների առկայությունը և Լիբանանում նրա գործունեությունը համարում են իսրայելա-լիբանանյան պայմանավորվածությունների խախտում:
Լիբանանի իշխանությունները բազմիցս նշել են, որ, չնայած 2024 թվականի նոյեմբերին ձեռք բերված հրադադարի համաձայնությանը, Իսրայելը շարունակում է համակարգված կերպով խախտել երկրի ինքնիշխանությունը: Իսրայելի զինված ուժերը պահպանում են ներկայությունը Լիբանանի հարավում գտնվող 5 ռազմավարական կետերում, այդ թվում՝ Գաջար գյուղի հյուսիսում, ինչը Լիբանանի իշխանությունները դիտարկում են որպես շարունակվող օկուպացիա և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1701 բանաձևի խախտում: