Իրանում հայտարարել են, որ կքննարկեն ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության առաջարկը, եթե այն լինի

Ավելի վաղ արտգործնախարար Արաղչին հայտարարել էր, որ իրանական միջուկային խնդրի շուրջ «եվրաեռյակի» հետ բանակցություններն Իրանի համար «այլևս արդիական չեն»:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Իրանը կքննարկի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ համագործակցության նոր առաջարկը, եթե այդպիսի առաջարկ ստանա: Այս մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի (ԱԱԲԽ) քարտուղար Ալի Լարիջանին։
«Պատժամիջոցների վերադարձի մեխանիզմի ակտիվացումից հետո մենք, ինչպես ավելի վաղ նշել էր Արաղչին, կվերանայենք Կահիրեի համաձայնագիրը, որն այս պահին մենք համարում ենք անվավեր։ Սակայն եթե ՄԱԳԱՏԷ-ն փոխգործակցության վերաբերյալ նոր առաջարկ ներկայացնի, այն կքննարկի ԱԱԲԽ-ն»,-գրել է Լարիջանին X սոցցանցի իր էջում։
Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը դադարել է գործել հոկտեմբերի 18-ին՝ ժամկետը լրանալու պատճառով: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևն ընդունվել էր 2015 թվականի հուլիսի 20-ին՝ ի պաշտպանություն Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԳՀՀԾ-ի:
Ավելի վաղ արտգործնախարար Արաղչին հայտարարել էր, որ «եվրաեռյակի» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա) հետ իրանական միջուկային խնդրի շուրջ բանակցություններն Իրանի համար «այլևս արդիական չեն»: Նա հայտնել է, որ Իրանը հետաձգել է ՄԱԳԱՏԷ-ի հետ Եգիպտոսում կնքված համաձայնագրի կատարումը, իսկ ԻԻՀ-ն դադարեցրել է համագործակցությունը գործակալության հետ:
Օգոստոսի 28-ին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին տեղեկացրել են Իրանի դեմ միջազգային պատժամիջոցների վերականգնման մեխանիզմի գործարկման մասին, որը չեղարկվել էր 2015 թվականի գործողությունների համատեղ համապարփակ ծրագրով (ԳՀՀԾ կամ միջուկային գործարք): Դրանից հետո ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սեպտեմբերի 19-ին մերժեց Իսլամական Հանրապետության նկատմամբ պատժամիջոցները չվերսկսելու մասին բանաձևի նախագիծը, ինչի հետևանքով Անվտանգության խորհրդի սահմանափակումները սեպտեմբերի 28-ից վերականգնվեցին: